ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրություններում «ԼԳԲՏԻՔ+» տերմինը փոխարինվել է «ԼԳԲ»-ով․ գենդերային բազմազանության սահմանափակման վտանգավոր նախադեպ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խորապես մտահոգված է միջազգային մակարդակով իրականացվող օրենսդրական փոփոխություններով, որոնք միտված են գենդերային բազմազանության ընդունման սահմանափակմանը։ Վերջին տարիներին տարբեր երկրներում տրանսգենդեր, ինտերսեքս և քուիր անձանց նկատմամբ իրականացվող սահմանափակումներն այլևս դարձել են համակարգված քաղաքականություն, որը սպառնում է մարդու հիմնարար իրավունքներին։

Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ Պետդեպարտամենտի և այլ պետական կառույցների հաղորդագրություններում «ԼԳԲՏԻՔ+» տերմինը փոխարինվել է «LGB»-ով, փաստացի բացառելով տրանսգենդեր, ինտերսեքս և քուիր անձանց միջազգային իրավապաշտպան օրակարգից։ Այս փոփոխությունը՝

  • նվազեցնում է տրանսգենդեր, ինտերսեքս և քուիր անձանց տեսանելիությունը,
  • վտանգում է նրանց իրավունքների պաշտպանությունը,
  • նախադեպ է ստեղծում այլ երկրներում հակագենդերային շարժման և օրենսդրության համար։

Օրենսդրական սահմանափակումների տարածումն աշխարհում

Վերջին տարիներին տարբեր երկրներում նկատվում է հակագենդերային օրենսդրական և քաղաքական զարգացումների ակտիվացում, ինչը հանգեցնում է խտրականության և մարդու իրավունքների սահմանափակման։

Ռուսաստան – 2023

  • Հուլիս 2023 – Օրենք ընդունվեց, որով արգելվեցին տրանս անձանց բժշկական անցումային գործընթացները, ինչպես նաև փաստաթղթերում սեռի փոփոխությունը և ամուսնությունը։
  • Դեկտեմբեր 2023 – Լրացուցիչ օրենսդրական փոփոխությամբ արգելվեց տրանս անձանց երեխա որդեգրելը, ինչը էապես սահմանափակում է նրանց ընտանիք կազմելու իրավունքը։
  • https://www.theguardian.com/world/2023/jul/24/vladimir-putin-signs-law-banning-gender-changes-in-russia

Վրաստան – 2024

  • Մայիս 2024 – Վրաստանի կառավարությունը ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը խստացնում է քաղաքացիական հասարակության՝ ներառյալ ԼԳԲՏԻՔ+ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների  նկատմամբ վերահսկողությունը։
  • Հունիս 2024 – Քննարկվեց նոր օրենսդրություն, որով բարդացվում է սեռի փոփոխությունը, այն դարձնելով գրեթե անհնար առանց վիրահատական միջամտությունների։

ԱՄՆ – 2025

  • Հունվար 2025 – ԱՄՆ Պետդեպարտամենտը «ԼԳԲՏԻՔ+» տերմինը փոխարինեց «ԼԳԲՏ»-ով, ինչը նշանակում է, որ տրանս, ինտերսեքս և քուիր անձինք այլևս ներառված չեն ամերիկյան արտաքին քաղաքականության մարդու իրավունքների օրակարգում։
  • Փետրվար 2025 – Մի շարք նահանգներում օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են տրանս երեխաների առողջապահական ծառայությունները, արգելում նրանց մասնակցությունը կրթական և սպորտային հաստատություններում։
  • Տրանս անձանց նկատմամբ սահմանափակումների ընդլայնումը – Բազմաթիվ նահանգներում վերանայվում են զինված ուժերում ծառայության, կրթական հաստատություններում ներգրավվածության և բժշկական ծառայությունների հասանելիության կանոնակարգերը, ինչը զգալիորեն նվազեցնում է տրանս անձանց իրավունքների պաշտպանվածությունը։

Փետրվար 2025 -ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը թույլ չի տալիս ուսումնական հաստատություններում տրանսգենդեր կանանց մասնակցել կանանց մարզական միջոցառումներին։

Տարածաշրջանային ազդեցությունը

Տրանս, ինտերսեքս և քուիր անձանց իրավունքների սահմանափակման այս միտումները զգալի ազդեցություն են ունենում ոչ միայն տվյալ երկրների ներսում, այլև այլ տարածաշրջաններում, ներառյալ՝

  • Հասարակության մեջ անհանդուրժողականության սրացումը՝ տրանս անձանց նկատմամբ ատելության խոսքի և բռնության աճով։
  • Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների ուժեղացումը, ինչը վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքը։
  • Խտրական օրենսդրական նախաձեռնությունների տարածումը, որոնք սպառնում են մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին։

Միջազգային հանրության ուշադրության կարիքը

Տվյալ զարգացումները ցույց են տալիս, որ սա զուտ առանձին երկրների քաղաքականություն չէ, այլ համակարգված գործընթաց, որը

  •  Խթանվում է պահպանողական քաղաքական և կրոնական ուժերի կողմից,
  • Օգտագործում է նույն քարոզչական մեխանիզմները՝ ներկայացնելով գենդերային բազմազանությունը որպես «սպառնալիք ավանդական ընտանիքի համար»,
  •  Ստեղծում է նախադեպ, որը հեշտացնում է այլ երկրներում իրավական սահմանափակումների ընդունումը։

 Այս իրավիճակը վտանգում է ոչ միայն տրանս, ինտերսեքս և քուիր անձանց իրավունքները, այլև ժողովրդավարական ինստիտուտները և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները։

Մեր կոչը միջազգային հանրությանը

  • Հանրության արձագանքը պետք է լինի վճռական՝ կանխելով այս խտրական օրենսդրական փոփոխությունները։
  • Քաղաքացիական հասարակության համագործակցությունը պետք է ուժեղացվի, որպեսզի կարողանանք պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները։
  • Ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, ապահովելով գիտականորեն հիմնավորված տեղեկատվության տարածում։

Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի համընդհանուր արժեք, որը չի կարող կախված լինել քաղաքական ճնշումներից կամ գաղափարական հակամարտություններից։ Տրանս, ինտերսեքս և քուիր անձանց իրավունքների ճանաչումը ժողովրդավարության և իրավունքի գերակայության անբաժանելի մասն է։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ աջակցելով գենդերային բազմազան խմբերին, խթանելով իրավունքի գերակայությունը և նպաստելով ավելի ներառական և հավասար հասարակության ձևավորմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։

 «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

06-02-2025
Կիսվել