«Իրավունքի Կողմ» ՀԿ-ի իրավաբանական թիմի ջանքերով փաստվել է, որ Հ.Ա.-ն խոշտանգման հետևանքով կրել է ծանր հոգեբանական տառապանք, ինչը հիմք կծառայի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

2022թ․ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին դիմել էր Հ․Ա․-ն և հայտնել, որ 2021թ․ ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի դատախազությունում հանցագործության մասին հայտարարություն է տվել, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ, և 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 4-րդ կետով (խոշտանգում)։ Հ․Ա․-ն, դիմելով «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին, խնդրել էր ստանձնել իր՝ որպես տուժողի, շահերի պաշտպանությունը։

Հ․Ա․-ն Կազմակերպությանը հայտնել է, որ 2020թ․, երբ գտնվել է Արցախի Հանրապետությունում՝ ՊԲ X զորամասում, ծառայության ընթացքում իր սեռական կողմնորոշման պատճառով պարբերաբար ծեծի է ենթարկվել սպայական կազմի կողմից։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո հարուցվել է քրեական գործ, և նա ճանաչվել է տուժող։

Քրեական գործը Արցախի Հանրապետությունից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն։

2022թ․ հոկտեմբերի 5-ից որպես տուժող Հ․Ա․-ի լիազոր ներկայացուցիչ ներգրավվել է «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի փաստաբանը։

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ․ Մաշադյանը, քննության առնելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հ․ Սարգսյանի՝ մեղադրյալներ Գ․ Լալայանի, Գ․ Բաբայանի, Մ․ Ներսիսյանի և Ռ․ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը, 2023թ․ սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել վերը նշված բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Բողոքարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ Կազմակերպությունն ի վերջո հասավ հաղթանակի։ 2025թ․ մարտի 31-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց տուժողի փաստաբանի բողոքը՝ ճանաչելով տուժող Հ․Ա․-ի իրավունքի խախտումը և պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնել այն։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումից հետո նախաքննական մարմինը վերսկսեց գործի քննությունը և նշանակեց դատահոգեբանական համալիր փորձաքննություն։

2026 թվականի ապրիլի 29-ին իրականացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ Հ․Ա․-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք։

Այսպիսով, երկարատև պայքարից հետո արձանագրվեց, որ ծառայության ընթացքում խոշտանգումների հետևանքով Հ․Ա․-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչը հիմք կհանդիսանա խոշտանգման ենթարկած անձանց մեղադրանք առաջադրելու համար։

02-06-2026
Կիսվել