«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացրած դեպքերը ներառվել են ԵԱՀԿ 2024 թ-ի Ատելության շարժառիթով հանցագործությունների տարեկան զեկույցում։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած 2024 թ․ ատելության շարժառիթով հանցագործությունների տարեկան զեկույցում ներառվել են նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից ներկայացված տվյալները։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանում արձանագրված մի շարք միջադեպեր և վերջին տարիներին իրականացված օրենսդրական, քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունների համատեքստը։ Ընդհանուր առմամբ ներառվել է 49 դեպք, որոնք ԵԱՀԿ-ին են ներկայացրել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Դեպքերը դասակարգվել են տարբեր շարժառիթներով, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ։ Նշված դեպքերի մի մասը ներկայացվել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի, «Փինք» ՀԿ-ի և ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի կողմից, որոնք ապահովել են դեպքերի զգալի մասի փաստագրումն ու ներկայացումը։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի տրամադրած 8 դեպքերից 4-ը եղել են գենդերային, իսկ մյուս 4-ը հակա-ԼԳԲՏԻՔ շարժառիթով հանցագործություններ։ Դրանք ներկայացվել են տուժածների պատմությունների, փաստագրական նյութերի և իրավական գնահատման հիման վրա, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի վերաբերյալ ԵԱՀԿ-ի տվյալների ամբողջականությունն ապահովելու համար։ Զեկույցը արձանագրում է նաև խաչվող շարժառիթներով դեպքեր, այսինքն՝ միջադեպեր, որոնք միաժամանակ ունեցել են ինչպես գենդերային, այնպես էլ հակա-ԼԳԲՏԻՔ բնույթ։ Ընդգծվում է, որ որոշ դեպքեր տեղի են ունեցել ընտանեկան միջավայրում, ինչպես նաև արձանագրվել են շանտաժի և տնտեսական շահագործման դրսևորումներ, որոնք հիմնականում ուղղված են եղել ԼԳԲՏԻՔ անձանց դեմ։

 

Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ի թարմացված մեթոդաբանությամբ պայմանավորված, ատելության խոսքի և խտրականության դեպքերը այս տարվա ցուցանիշներում ներառված չեն։ Զեկույցը ներկայացնում է նաև վերջին տարիներին իրականացված մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք անդրադառնում են ատելության շարժառիթով հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանքների հստակեցմանը։ Ինչպես նաև նշվում են քննիչների, դատախազների և ոստիկանության աշխատակիցների համար մշակված նոր ուղեցույցներն ու վերապատրաստումները, որոնք ուղղված են ատելության հիմքով հանցագործությունների արդյունավետ քննության ապահովմանը։

ԺՀՄԻԳ-ը միաժամանակ մատնանշում է մի քանի խնդիր, որոնք պահանջում են հետագա բարեփոխումներ։ Մասնավորապես՝ իրավապահ մարմինները հաճախ ամբողջությամբ չեն արձանագրում միջադեպերի շարժառիթը, ինչի հետևանքով տվյալները կարող են լինել ոչ լիարժեք։ Քաղաքացիական հասարակության ավելի ակտիվ ներգրավվածությունը դիտարկվում է որպես կարևոր գործոն՝ տուժածների աջակցության համակարգերի բարելավման և տվյալների հավաքագրման գործընթացի որակի բարձրացման տեսանկյունից։ ԵԱՀԿ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի պետական մարմիններին և քաղաքացիական հասարակությանը մեթոդաբանական, տեխնիկական և կարողությունների զարգացման ուղղություններով։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն կարևորում է, որ 2024 թ․ ներկայացված տվյալները ծառայեն որպես հիմք՝ ատելության հիմքով հանցագործությունների նկատմամբ արդյունավետ արձագանքի մեխանիզմների հետագա զարգացման համար։

03-12-2025
Կիսվել