Միասին վերջ դնենք ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ թվային բռնությանը

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանում մեկնարկել է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը: Այս տարվա թեման՝ «Միասին վերջ դնենք բոլոր կանանց ու աղջիկների նկատմամբ իրականացվող թվային բռնությանը», ընդգծում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ կանխելու և վերացնելու թվային միջավայրում ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ տարածվող սպառնալիքները։


Թվային միջավայրը, որն այսօր կարևոր հարթակ է ինքնարտահայտման, տեղեկատվության և համայնքային կապի համար, հաճախ դառնում է խտրականության, ատելության խոսքի, հետապնդման, անձնական տվյալների տարածման տարածք։ Համայնքի նկատմամբ հարձակումները դրսևորվում են վիրավորանքներով և նվաստացնող մեկնաբանություններով, կեղծ կամ մանիպուլացված նյութերի շրջանառությամբ, ուղղորդված արշավներով ու հետապնդմամբ, որոնք ստեղծում են վախի, լռեցման և հոգեբանական ճնշման մթնոլորտ։
ԼԳԲՏԻՔ+ անձանցից շատերի համար սոցիալական հարթակները ոչ միայն տեղեկատվության, այլև անվտանգության, ինքնարտահայտման և համայնքի հետ կապի գլխավոր միջոցն են։ Սակայն այդ նույն հարթակներում նրանք հաճախ են բախվում թշնամական վերաբերմունքի, որի նպատակն է նվազեցնել տեսանելիությունը կամ լռեցնել համայնքի ձայնը։ Թվային բռնությունը խորացնում է այն մերժումն ու մեկուսացումը, որին համայնքն արդեն իսկ բախվում է առօրյա կյանքում՝ դպրոցում, ընտանիքում, աշխատանքային միջավայրում կամ հանրային տարածքներում։ Ավելին, առցանց հարձակումները հաճախ չեն մնում միայն թվային տարածքում․ դրանք վերածվում են հոգեբանական ճնշման, սպառնալիքների իրականացման և ֆիզիկական վնասի։


ԼԳԲՏԻՔ+ անձանց համար թվային միջավայրը դառնում է ինչպես հզորացման, այնպես էլ խոցելիության տարածք։ Այդ պատճառով կարևոր է, որ հասարակությունը գիտակցի՝ առցանց հարձակումները իրական վնաս պատճառող գործողություններ են։


Թվային անվտանգությունը այլևս չպետք է դիտվի որպես տեխնիկական հարց․ այն մարդու հիմնարար իրավունք է, և դրա ապահովումը պահանջում է համակարգային մոտեցում։ Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, կրթական կառույցները պետք է համատեղ աշխատեն՝ նպաստելու անվտանգ թվային միջավայրի ստեղծմանը, ատելության խոսքի նվազեցմանը և բռնության կանխարգելմանը։


«Բռնության դեմ 16-օրյակը» մեզ հիշեցնում է, որ բռնության ցանկացած դրսևորում արդարացում չունի։ Բոլորը, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ+ անձինք, պետք է կարողանան իրենց զգալ անվտանգ, պաշտպանված և արժևորված ինչպես իրական կյանքում, այնպես էլ թվային տարածքում։

25-11-2025
Կիսվել