Միավորելով համայնքները՝ կառուցելով տարածաշրջանային կամուրջներ

2025 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը, Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ Քիշնևում իրականացրեց տարածաշրջանային հանդիպում՝ «Հակազդելով հակագենդերային շարժումներին» թեմայով։

Ծրագիրը միավորեց 26 իրավապաշտպանների, համայնքային առաջնորդների և ակտիվիստների՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Մոլդովայից և Ուկրաինայից։

Ծրագրի հիմնական նպատակն էր ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել մասնակիցների ադվոկացիոն հմտությունները և համատեղ ուժերով արձագանքել աճող հակագենդերային հռետորաբանությանն ու ատելության վրա հիմնված շարժումներին, որոնք սպառնում են հավասարությանը և մարդու իրավունքներին ամբողջ տարածաշրջանում։

Դասընթացը կազմակերպվել էր «Տրանս կազմակերպությունների դիմադրողականության և կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իրավունքի կողմ ՀԿ-ի կողմից՝ 2024 թվականից սկսած։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներին, խթանել տարածաշրջանային համագործակցությունը և զարգացնել կայուն ու ներառական ադվոկացիոն շարժումներ Հարավային Կովկասում և հարևան երկրներում։


Հանդիպումը սկսվեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի ողջույնի խոսքով։ Նա ընդգծեց, որ սա արդեն երրորդ տարին է, ինչ Իրավունքի կողմ ՀԿ-ն համախմբում է տարածաշրջանի ակտիվիստներին՝ կամուրջներ կառուցելու և տարածաշրջանի մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։


Այնուհետև, մասնակիցները ներկայացրին իրենց ակտիվիստական ճանապարհը, պատմեցին իրենց կազմակերպությունների հաջողությունների և դժվարությունների մասին՝ կիսվելով անձնական փորձով ու ձեռքբերումներով։ Նրանք խոսեցին իրենց երկրում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով ատելության խոսքի, հակագենդերային գաղափարախոսությունների տարածման և նոր սահմանափակող օրենքների վտանգները։

Օրվա երկրորդ կեսին Վրաստանի մեր գործընկերները՝ Puspussy-ն իրականացրին #Femdefence աշխատարան, որի պերֆորմատիվ ձևաչափը համադրեց արվեստն ու ակտիվիզմը՝ բացահայտելով ֆեմինիստական դիմադրության, ինքնարտահայտման և ուժեղացման թեմաները։ Մասնակիցները ներգրավվեցին շարժման, զգացմունքների արտահայտման և պատմությունների միջոցով և շատերի համար սա դարձավ ամենահիշվող պահը՝ վերահաստատելով, որ ադվոկացիան միայն քաղաքականության կամ օրենքների փոփոխման մասին չէ․ այն նաև ստեղծագործականություն է, դիմադրություն և ուրախության միջոցով ուժ գտնելու արվեստ։

Հաջորդ օրերին ծրագիրը կենտրոնացավ ադվոկացիայի ռազմավարության և գործնական հմտությունների վրա։ Փորձագետի  օգնությամբ մասնակիցները ուսումնասիրեցին ադվոկացիայի պլանավորման, շահառուների քարտեզագրման և մարդու իրավունքների մոնիթորինգի մեթոդները։ Նրանք վերլուծեցին տարածաշրջանային օրենսդրական օրինակները, ուսումնասիրեցին շահառուների ներգրավման ուղիները և դիտարկեցին միջազգային կառույցների՝ մասնավորապես ILGA-Europe-ի Rainbow Map-ի կիրառությունը։ Խմբային վարժությունների ընթացքում ակտիվիստները կիսվեցին իրենց երկրների իրավիճակներով՝ բացահայտելով ինչպես ընդհանուր, այնպես էլ իրենց երկրին հատուկ մարտահրավերները։

Վերջին օրերին մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ ըստ երկրների, որպեսզի մշակեն սեփական ադվոկացիոն փոքր նախագծերը։ Ամեն խումբ մշակեց գործող պլան՝ ներկայացնելով կոնկրետ նպատակներ, քայլեր և ակնկալվող արդյունքներ։ Նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել իրազեկությունը, խթանել գենդերի իրավական ճանաչումը, հակազդել ատելության խոսքին և հզորացնել համայնքային դիմադրողականությունը։ Մշակված 6 նախագծերը կստանան 4,000 ֆունտ ստերլինգ ֆինանսավորում Իրավունքի կողմ ՀԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում և կիրականացվեն 2025թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Հանդիպումը եզրափակվեց ամփոփիչ քննարկումներով և գնահատմամբ։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ այս ծրագիրը ոչ միայն նոր գիտելիքներ է տվել, այլև՝ ավելի խորը կապ, վստահություն և համերաշխություն։ Շատերն ընդգծեցին, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ անկախ սահմաններից ու քաղաքական տարբերություններից, տարածաշրջանի ակտիվիստները կարող են դառնալ միասնական ուժ՝ հանուն հավասարության և մարդու իրավունքների։

Փակման խոսքում Լիլիթ Մարտիրոսյանը կիսվեց ծրագրի գաղափարի մշակման և իր անձնական մոտիվացիայի մասին․ «Այս հանդիպումները մեզ ավելի ուժեղ են դարձնում։ Երբ երկու տարի առաջ դիմում էինք այս ծրագրին, մեր մտքում արդեն ձևավորված էր այն գաղափարը, որ տարածաշրջանի ակտիվիստները նստելու են մեկ սեղանի շուրջ՝ միասին պլանավորելու, նպատակները սահմանելու և խաղաղություն կառուցելու համար՝ հզոր և դիմացկուն ԼԳԲՏԻՔ+ համայնք ունենալու նպատակով։ Այսօր այդ գաղափարը իրականություն է։ Անցած երեք տարիներն ապացուցեցին, որ Իրավունքի կողմը՝ որպես առաջատար տրանս կազմակերպություն, կարողանում է մեկ հարկի տակ համախմբել վեց երկրներից ակտիվիստների, տրամադրել դրամաշնորհներ և օգնել կառուցելու կամուրջներ։ Մենք միասին կհաղթահարենք բոլոր մարտահրավերները»։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Մեծ Բրիտանիայի կառավարությանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը՝ հավասարության, ներառականության և մարդու իրավունքների խթանման գործում վստահության, աջակցության և գործընկերության համար։

28-10-2025
Կիսվել