
Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է

Ըստ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով (հոդված 1) և յուրաքանչյուր մարդ պետք է ունենա փաստաթղթում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից (հոդված 2)։
2024 թվականի Մարդու Իրավունքների Միջազգային օրվա խորագիրն է «Մեր իրավունքները, մեր ապագան՝ հենց հիմա», որը ընդգծում է մարդու իրավունքների համար պայքարի անհետաձգելիությունը ներկայիս համաշխարհային ճգնաժամերի պայմաններում։ Ցավոք, մեր տարածաշրջանում անցած տարվա ընթացքում նկատվել է մարդու իրավունքների պաշտպանվածության հետընթաց՝ մասնավորապես Տրանս ԼԳԲԻՔ իրավունքների շրջանակներում՝ պայմանավորված հարևան երկրներում հակա-տրանս և հակա-ԼԳԲՏԻՔ օրենքների ընդունումով և հասարակության մեջ հակագենդերային պատումների տարածումով։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, որպես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն, այս տարվա ընթացքում շարունակել է իրավունքների ու շահերի պաշտպանությունը և իրավախախտումների փաստագրումը։ Անկախ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային օրենքով սահմանված իրավահավասարությանը՝ Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձինք և սեքս աշխատողները շարունակում են բախվել խտրականության, ճնշման և բռնության իրենց կյանքի տարբեր ոլորտներում։ Այս տարի ականատեսը եղանք տրանս համայնքին ուղղված ատելության խոսքի, սպառնալիքների, սպանության կոչերի հսկայական ալիքի, որը հաջորդեց տրանսգենդեր ակտիվիստ Դիանա Ղզրոյանի հայտարարությանը այն մասին, որ ինքը պատրաստվում է ներկայացնել Հայաստանը միջազգային գեղեցկության մրցույթում։ Վստահ ենք՝ իրավիճակը այլ կլիներ, եթե 2024թ․-ին ՀՀ Խտրականության բացառման մասին օրենքի վերանայումները, անտեսելով ոլորտում գործող կազմակերպությունների առաջարկությունները, կրկին անգամ դուրս չթողնեին սեռական կողմնորոշվածությունը և գենդերային ինքնությունը՝ որպես պաշտպանված հատկանիշներ: Հատուկ իրավական պաշտպանության, խտրականության դեմ օրենքի և փոփոխությունների հասնելու քաղաքական կամքի բացակայությունը սրում է համայնքի անդամների խոցելիությունը՝ հավերժացնելով անպատժելիության մթնոլորտը:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակում է կանգնած լինել Տրանս ԼԳԲԻՔ իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ ինչպես իրավաբանական օգնություն տրմադրելով, այնպես էլ պարբերաբար իրականացնելով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ 2024թ-ի ընթացքում կազմակերպությունը տրամադրել է 407 իրավաբանական խորհրդատվության իրավապահ մարմիններում, դատարաններում, ՀԿ-ի համայնքային ապահով կենտրոնում և հեռախոսի միջոցով։ Այս տարի ատելության հիմքով հանցագործությունների, ատելություն սերմանող խոսքի և խտրականության դեպքերով «Իրավունքի կողմ» է դիմել 39, իսկ ոստիկանության և քննչական մարմինների կողմից իրավախախտումների վերաբերյալ դեպքերով՝ 27 Տրանս ԼԳԲԻՔ անձ և սեքս աշխատողներ։ 2023 թվականից ընթացքի մեջ են 10 դատական գործեր, փաստաբանները ներկայացուցչություն են ապահովել ոստիկանության և քննչական մարմիններում և մասնակցել են հարցաքննությունների 51 անգամ, իսկ քրեական գործերից 16-ը ընթացքի մեջ են։ Կազմակերպության իրավաբանական բաժնի կողմից վարվող ռազմավարական դատավարությունների 2 գործեր շարունակվում են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Մարդու Իրավունքների Միջազգային օրը ևս մի հնարավորություն է միավորելու մեր ձայները և կոչ անելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովելու Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների իրավունքների լիակատար պաշտպանությունը, մասնավորապես՝
– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց գենդերի իրավական ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։
– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։
– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել դեպքերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ և ներկայացնել հաշվետվություններ։
– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:
– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։
– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով: