
Այսօր Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրն է

Մարտի 31-ին, ամբողջ աշխարհում նշվում է Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրը։ Այս օրը հիշեցում է, որ հասարակության մեջ տրանս մարդիկ միշտ եղել են, կան ու շարունակելու են լինել։ Սակայն տեսանելի լինելը տրանս անձի համար հաճախ նաև նշանակում է լինել խոցելի, վտանգված, մերժված։ Տրանս լինելը Հայաստանում նշանակում է ամեն օր անցնել պայքարի մի ճանապարհով, որը ոչ բոլորին է տեսանելի։
Շատ տրանս մարդիկ ապրում են վախի մեջ՝ թաքցնելով իրենց ինքնությունը նույնիսկ ամենամոտ մարդկանցից։ Նրանք կանգնում են մերժման ու բռնության առաջ՝ ընտանիքում, աշխատավայրում, պետական համակարգում, բուժհաստատություններում։ Բազմաթիվ տրանս կանայք ու տղամարդիկ, երբ կորցնում են ընտանիքի ու շրջապատի աջակցությունը, մնում են անտուն ու անպաշտպան։ Տրանս դեռահասները դպրոցներում ծաղրի, ճնշման ու մեկուսացման են ենթարկվում։ Տրանս ուսանողները համալսարաններ չեն դիմում՝ խարանի ու վախի պատճառով, իսկ նրանք, ովքեր ընդունվում են, հաճախ ստիպված են լինում թողնել ուսումը խտրականության, հոգեբանական ճնշման ու անհանդուրժողականության ազդեցությամբ։
Տրանս մարդիկ բախվում են խարանի առողջապահական համակարգում, հաճախ նրանց մերժում են տրամադրել անգամ ամենատարրական ծառայությունները։ Զինկոմիսարիատներում նրանք բախվում են նվաստացնող ու խտրական վերաբերմունքի, որը ոտնահարում է նրանց արժանապատվությունը։ Ոստիկանությունը հաճախ անգործության է մատնված, երբ տրանս անձիք բախվում են բռնության, իսկ երբեմն էլ հենց համակարգն է ճնշման աղբյուրը։
Այս ամենը ոչ միայն անձնական ողբերգություններ են, այլ լռության մեջ շարունակվող համակարգային ճնշումներ։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն տարիներ շարունակ աշխատում է՝ փաստագրելով այս խախտումները, աջակցելով տրանս մարդկանց՝ իրավաբանական ու հոգեբանական ծառայություններով, բարձրաձայնելով նրանց խնդիրների մասին իրազեկվածությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։ Բայց մեր ամենակարևոր գործը մնում է նույնը՝ լինել տրանս մարդկանց կողքին, լսել ու հավատալ նրանց։
Մեր դիրքորոշումը հստակ է.
- Տրանս անձանց իրավունքները մարդու իրավունքներ են։
- Պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքները։
- Հասարակությունը պետք է հրաժարվի խարանից ու բռնությունից։
- Տրանս լինելը ոչ թե բանավեճի թեմա է, այլ մարդկանց իրական կյանք։
Մենք կոչ ենք անում՝
Պետությանը – ճանաչել ու պաշտպանել տրանս անձանց. ստեղծել գենդերային ինքնության իրավական ճանաչման համակարգ, կանխել ատելության հիմքով բռնությունները, երաշխավորել հավասարություն ու անվտանգություն բոլոր մակարդակներում։
Հասարակությանը – տեսնել ու ընդունել տրանս մարդկանց ոչ թե որպես «այլ» կամ «վտանգ», այլ որպես մարդիկ՝ իրենց պատմություններով, դժվարություններով ու ուժով։
Միջազգային կառույցներին – շարունակել աջակցել տրանս համայնքին՝ ռեսուրսներով, դիրքորոշումներով ու կոնկրետ քայլերով։
Այս օրը տոն չէ։ Սա գոյության, հույսի ու դիմադրության օր է։ Տրանս մարդիկ ապրում են, պայքարում են ու փոխում են աշխարհը՝ թեկուզ մեկ փոքրիկ քայլով։ Եվ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, որպես Տրանս անձանց առաջին համայնքահեն կազմակերպություն, շարունակում է այդ պայքարը Տրանս համայնքի հետ միասին։