Հանրային հայտարարություն

Իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը կրկին թիրախավորվում է ատելության խոսքի, սպանության սպառնալիքների և անձնական տվյալների ապօրինի տարածման միջոցով:

«Իրավունքի  կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ իրավապաշտպան, տրանս ակտիվիստ և կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ շարունակվող ատելության քարոզն ու սպառնալիքները լրջորեն խաթարում են նրա անվտանգությունն ու գործունեությունը Հայաստանում։

Օրեր առաջ Լիլիթ Մարտիրոսյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել էր ԼԳԲՏԻՔ+ համայնքի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշմանը և օգնության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ+ կազմակերպությունների ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը։ Հայաստանյան տարբեր լրատվական հարթակներում լայնորեն տարածվել է հարցազրույցը, որի հետևանքով Լիլիթ Մարտիրոսյանը կրկին դարձել է ատելության քարոզի թիրախ։

Վերջին մի քանի ժամվա ընթացքում սոցիալական մեդիայում հրապարակվել և տարածվել են  Լ. Մարտիրոսյանի անձնական տվյալները, այդ թվում՝ նրա բնակության վայրը, նախկին անունը, ուղղակի սպանության սպառնալիքներ են հնչել նրա հասցեին, այդ թվում՝ «քեզ մորթելու ենք», «քեզ գտնելու ենք», «քեզ քիչ է մնացել ապրելու»:

Այս հարձակումներն ու սպառնալիքները ոչ միայն ուղղակի վտանգ են ներկայացնում Լ. Մարտիրոսյանի կյանքին, այլ նաև խաթարում են նրա իրավապաշտպան գործունեությունը և ԼԳԲՏԻՔ+ անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելուն ուղղված աշխատանքները։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հայտարարում է, որ վերոնշյալ գործողություններն իրավական հարթության մեջ դիտարկվում են որպես՝

  • Ատելության խոսք և բռնության քարոզ,
  • Սպանության ուղղակի սպառնալիքներ,
  • Անձնական տվյալների ապօրինի տարածում:

Մենք պաշտոնապես դիմելու ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Գլխավոր դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ), պահանջելով ապահովել Լիլիթ Մարտիրոսյանի անվտանգությունը, ձեռնարկել անհապաղ միջոցներ ատելության խոսքն ու սպանության սպառնալիքները կանխելու համար և պատասխանատվության ենթարկել այս գործողությունների հեղինակներին։

Մենք կոչ ենք անում.

▶ Հայաստանի իրավապահ մարմիններին՝

  • Շտապ և պատշաճ քննության առնել իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները:
  • Իրականացնել օրենսդրական գործողություններ՝ կանխելու մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ հարձակումները:

▶ Միջազգային կազմակերպություններին և գործընկերներին՝

  • Խստորեն դատապարտել իրավապաշտպանների նկատմամբ հարձակումները:
  • Աջակցել և նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության երաշխավորմանը:

Այս հարձակումները խաթարում են ոչ միայն Լիլիթ Մարտիրոսյանի աշխատանքը, այլև խոչընդոտում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական արժեքների առաջխաղացմանը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

04-02-2025
Կիսվել