Հայտարարություն․ Փնտրում ենք փորձագետ-հետազոտող՝ ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների խախտումների վերաբերյալ հետազոտության իրականացման համար

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է փորձագետ-հետազոտողի՝ իրականացնելու ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականության, իրավունքների խախտումների և համակարգային խոչընդոտների վերաբերյալ հետազոտություն։

Հետազոտության մասին

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել այն խտրական և բացառող պրակտիկաները, որոնք առկա են զինկոմիսարիատներում, հոգեկան առողջության կենտրոններում և այլ պետական ու մասնագիտական համակարգերում, որոնք անմիջական կամ անուղղակի ազդեցություն են ունենում ԼԳԲՏԻՔ զինակոչիկների, զորակոչային տարիքի անձանց և զինծառայողների իրավունքների իրացման վրա։

Հետազոտությունը կանդրադառնա նաև այն հարցին, թե ինչպես են ԼԳԲՏԻՔ անձանց և գենդերային հավասարության թեմաները շահարկվում կամ թիրախավորվում քաղաքականապես զգայուն ժամանակահատվածներում, մասնավորապես՝ ընտրական գործընթացների ընթացքում, և ինչպես կարելի է ամրապնդել համայնքային դիմակայունությունը ապատեղեկատվության, ատելության խոսքի և խտրական քարոզչության նկատմամբ։

Տվյալների հավաքագրումն իրականացվելու է՝

  • ԼԳԲՏԻՔ համայնքի անդամների փաստագրված փորձառությունների և դեպքերի ուսումնասիրման միջոցով,
  • իրավապաշտպան կազմակերպություններին ուղղված հարցաթերթիկների միջոցով,
  • հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար մշակված հարցաթերթիկների միջոցով,
  • զինկոմիսարիատների և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի աշխատակիցների համար նախատեսված հարցաթերթիկների միջոցով,
  • անվտանգ և անանուն առցանց հաղորդման համակարգի միջոցով ստացված տվյալների վերլուծությամբ,
  • ազգային և միջազգային իրավական ու քաղաքական փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով։

Հետազոտության արդյունքները կօգնեն բացահայտել համակարգային խոչընդոտները, խտրական պրակտիկաները և մարդու իրավունքների պաշտպանության առկա բացերը, ինչպես նաև կմշակվեն փաստահենք առաջարկություններ՝ ուղղված ներառական և իրավունքահեն քաղաքականությունների զարգացմանը։

Փորձագետ-հետազոտողի պարտականությունները

  • Մշակել հետազոտության մանրամասն մեթոդաբանությունը,
  • Վերլուծել հավաքագրված որակական և քանակական տվյալները,
  • Իրականացնել իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ միջավայրի ուսումնասիրություն,
  • Կատարել համեմատական վերլուծություն միջազգային փորձի հիման վրա,
  • Պատրաստել առնվազն 60 էջ ծավալով համապարփակ հետազոտական զեկույց,
  • Մշակել փաստահենք առաջարկություններ պետական մարմինների, առողջապահական հաստատությունների, պաշտպանության ոլորտի կառույցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, մասնագիտական համայնքների և այլ շահագրգիռ դերակատարների համար,
  • Ներկայացնել առաջարկություններ, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականության կանխարգելմանը, հավասար վերաբերմունքի ապահովմանը և իրավունքահեն ծառայությունների զարգացմանը,
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ հետազոտության ամբողջ ընթացքում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն իրավունքի, սոցիոլոգիայի, հոգեբանության, հանրային քաղաքականության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա փորձ հետազոտությունների իրականացման ոլորտում,
  • Մարդու իրավունքների, խտրականության, գենդերային հավասարության կամ ԼԳԲՏԻՔ թեմաներով հետազոտությունների փորձ,
  • Քանակական և որակական տվյալների վերլուծության փորձ,
  • Վերլուծական զեկույցների, քաղաքականության փաստաթղթերի և առաջարկությունների մշակման փորձ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • Հետազոտական էթիկայի և գաղտնիության սկզբունքների պահպանման կարողություն։

Ակնկալվող արդյունք

Հետազոտության արդյունքում պետք է մշակվի առնվազն 60 էջ ծավալով համապարփակ զեկույց, որը կներառի.

  • ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների խախտումների վերլուծություն,
  • զինկոմիսարիատներում, հոգեկան առողջության կենտրոններում և այլ համակարգերում առկա մարտահրավերների ուսումնասիրություն,
  • օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի գնահատում,
  • միջազգային փորձի համեմատական վերլուծություն,
  • գործնական և իրագործելի առաջարկություններ պետական մարմինների, առողջապահական հաստատությունների, պաշտպանության ոլորտի կառույցների, մասնագիտական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների համար։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել՝

  • ինքնակենսագրական (CV),
  • հետաքրքրվածության նամակ,
  • առնվազն մեկ համապատասխան հետազոտության, վերլուծության կամ հրապարակման օրինակ։

Թեմա՝ «Փորձագետ-հետազոտող․ ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների ուսումնասիրություն» rightsidengo@gmail.com 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 15

Միայն ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի։

03-05-2026
Կիսվել