
Իրավունքի կողմ ՀԿ-ն մասնակցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 49-րդ նստաշրջանին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է 2025 թվականի փետրվարի 18-21-ը տեղի ունեցած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) 49-րդ նստաշրջանին։ Այս կարևոր հարթակը մեզ հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու Հայաստանում տրանս ԼԳԲԻՔ+ անձանց խնդիրները միջազգային մակարդակում՝ նպաստելով համակարգային խտրականության և մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված բարեփոխումների խթանմանը։
Նստաշրջանի ընթացքում ներկայացված զեկույցը համատեղ մշակվել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի, GATE-ի և RFSL-ի աջակցությամբ։ Նստաշրջանին մասնակցում էր նաև մեր կազմակերպության իրավաբանը, ով իր փորձառությամբ նպաստեց առաջարկությունների հիմնավորվածությանը և պաշտպանական ջանքերի արդյունավետությանը։
Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ երկրում բացակայում են հստակ իրավական մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն տրանս անձանց և ԼԳԲԻՔ+ համայնքի ներկայացուցիչներին ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից, անդրադարձավ նաև գենդերի իրավական ճանաչման մեխանիզմների բացակայությանը, ինչպես նաև առողջապահական ոլորտում հասանելի ծառայությունների պակասին։ Նա ընդգծեց նաև համակարգային խնդիրները, այդ թվում՝ խտրականության դեմ ուղղված համապարփակ օրենսդրության բացակայությունը, որը կերաշխավորի սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության հիմքով խտրականության կանխարգելումը։ Լիլիթը կոչ արեց նախաձեռնել հանրային իրազեկման արշավներ և կրթական բարեփոխումներ՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը և ներառականության խթանմանը։ Իր ելույթում Լիլիթը կարևորեց տրանս անձանց իրավունքների պաշտպանությունն ու արդարադատության հասանելիության ապահովումը՝ առաջարկելով կոնկրետ քայլեր, այդ թվում՝ գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության ներառումը Հայաստանի օրենսդրական դաշտում, ինչպես նաև խաղաղ հավաքների իրավունքների լիարժեք իրացումը։
Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում RFSL-ին և GATE-ին՝ այս կարևոր ադվոկացիոն նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։ Միասին մենք շարունակում ենք ուժեղացնել տրանս ԼԳԲԻՔ+ համայնքների ձայնը և պայքարել հավասարության ու արդարության հաստատման համար Հայաստանում։