«Վիզդ կտրելու ենք»-ը չհամարվեց սպառնալիք. «Իրավունքի կողմը» բողոքարկելու է ՀՀ քննչական կոմիտեի որոշումը

2025 թվականի փետրվարի 28-ին «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել սպառնալիքի և ատելության կոչերի հիմքով։ Հաղորդումը ներկայացվել է այն բանից հետո, երբ Լիլիթ Մարտիրոսյանը հարցազրույց էր տվել հայկական լրատվամիջոցներին, որը լայն տարածում էր գտել սոցիալական մեդիայում։

Մասնավորապես, mamul.am կայքի հրապարակման տակ օգտատեր, ով ներկայանում է որպես Սաք Վարդանյան, թողել էր հետևյալ մեկնաբանությունը․ «Վիզդ կտրելու ենք», որը ուղղված էր Լիլիթ Մարտիրոսյանին։

Այս հրապարակային սպառնալիքը, որը հստակ կերպով կրում էր բռնության կոչի բնույթ, ուղղված էր ոչ միայն Լիլիթ Մարտիրոսյանին որպես ԼԳԲՏԻՔ ակտիվիստ, այլև որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանի՝ վտանգելով նրա անվտանգությունն ու արժանապատվությունը։  

Սակայն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն, նշված արտահայտությունը չի համարվել սպառնալիք կամ բռնության կոչ, և համապատասխանաբար քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն խորապես անհանգստացած է այս որոշմամբ։ Այն ձևավորում է վտանգավոր նախադեպ՝ ըստ որի, ԼԳԲՏԻՔ անձանց և իրավապաշտպանների հասցեին ուղղված սպառնալիքներն ու բռնության կոչերը չեն արժանանում պետական իրավական գնահատականի։ Սա լրջագույնս խաթարում է հանրային անվտանգությունը և խրախուսում է ատելության մթնոլորտի վերարտադրումը։

Նշենք, որ սպառնալիք պարունակող մեկնաբանության հեղինակը նույնականացված է որպես ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր, սակայն նույնիսկ այդ հանգամանքը անտեսվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն բողոքարկելու է որոշումը՝ օգտագործելով իրավական պաշտպանության բոլոր հնարավոր գործիքները և կոչ է անում պետական մարմիններին երաշխավորել ԼԳԲՏԻՔ անձանց և իրավապաշտպանների անվտանգությունն ու արդար իրավական պաշտպանվածությունը։

10-04-2025
Կիսվել