Հանրային Հայտարարություն Տրանս անձանց հիշատակի միջազգային օրվա առիթով
Տրանս անձանց իրավունքների, անվտանգության և պաշտպանության վերաբերյալ իրավիճակի գնահատական՝ Հայաստանի և տարածաշրջանի համատեքստում
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նշում է Տրանս անձանց հիշատակի միջազգային օրը՝ վերահաստատելով իր հանձնառությունը փաստագրելու մարդու իրավունքների խախտումները, աջակցելու տուժածներին և բարձրաձայնելու այն համակարգային մարտահրավերների մասին, որոնք շարունակում են խաթարել տրանս և ԼԳԲԻՔ+ անձանց անվտանգությունն ու բարեկեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։
Իրավիճակի ընթացիկ գնահատական՝ ՀՀ-ում և տարածաշրջանում
Վերջին տարիներին կազմակերպությունը փաստագրել է տրանս անձանց նկատմամբ աճող խտրականության, հետապնդման, ֆիզիկական և հոգեբանական բռնության, սոցիալական մեկուսացման և պետական ու մասնավոր կառույցների կողմից անհավասար վերաբերմունքի դեպքեր։
Այս միտումները խիստ սրվել են հակագենդերային և հակատրանս շարժումների ակտիվացման հետևանքով, որոնք տարածում են սխալ տեղեկատվություն, ատելության խոսք և թիրախավորող քարոզչություն՝ խթանելով խարանված վերաբերմունքը և ատելության նորմալացումը։
Մի շարք մեդիա հարթակների անպատասխանատու լուսաբանումները նույնպես խորացնում են իրավիճակը՝ տրանս անձանց խնդիրները շահարկելով քաղաքական նպատակներով, խեղաթյուրելով հանրային ընկալումները և նպաստելով նրանց նկատմամբ թիրախավորման ուժգնացմանը։
Տարածաշրջանային հակատրանս օրենսդրությունների ազդեցությունը
ՌԴ-ում, Վրաստանում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում վերջին տարիներին ընդունված հակատրանս օրենքները զգալիորեն սահմանափակում են տրանս անձանց հիմնարար իրավունքները․
- դժվարանում կամ անհնար է դառնում անվանափոխությունն ու գենդերի իրավական ճանաչումը,
- փաստաթղթերի փոփոխման ընթացակարգերը գրեթե անհասանելի են դառնում,
- բժշկական միջամտությունների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակվում է։
Այս օրենքները տրանս անձանց անվտանգ ու արժանապատիվ կյանքը դարձնում են գրեթե անհնար, ինչը անուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի տրանս համայնքի վրա՝ խորացնելով խարանված վերաբերմունքն ու սոցիալական խնդիրները։
Փաստագրված դեպքեր և վիճակագրություն
2024 թ․ ընթացքում «Իրավունքի կողմ» ՀԿ–ն ստացել է ընդհանուր 433 դիմում տրանս և ԼԳԲԻՔ+ անձանցից, 284 անձ ստացել է հեռավար իրավաբանական աջակցություն։
Բացահայտված հիմնական խնդիրները՝
- գենդերային հիմքով բռնություն
- խոչընդոտներ պետական մարմիններում
- մերժումներ սպասարկման ոլորտում
- ընտանեկան բռնություն, ճնշումներ
- ատելության խոսք
- այլ իրավական խնդիրներ:
2025 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում կազմակերպությունը ստացել է 340 դիմում, 183 անձ ստացել է հեռավար իրավաբանական աջակցությամբ։
Բացահայտված հիմնական խնդիրները՝
- գենդերային հիմքով բռնություն
- խտրականություն պետական մարմիններում
- մերժումներ սպասարկման ոլորտում
- ընտանեկան խնդիրներ
- ատելության խոսք
- այլ իրավական հարցեր:
Առանձնահատուկ ծանր դեպքեր.
Հաշվետու ժամանակահատվածում փաստագրվել են ծանր և վտանգավոր միջադեպեր՝ ներառյալ.
- Երևանում օտարերկրյա քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկել տրանս կնոջը՝ միայն նրա գենդերային ինքնության պատճառով։
- Երեք անձ դաժան ծեծի են ենթարկել ԼԳԲԻՔ+ համայնքի ներկայացուցչի՝ ատելության դրդապատճառով։
- «Miss Star International» մրցույթի մասնակից Դիանա Ղզրոյանը դարձել է ատելության խոսքի և սոցիալական թիրախավորման զոհ։
- Զինված անձը դանակով ներխուժել է տրանս կնոջ բնակարան և դաժան ծեծի ենթարկել նրան։
Ծանր կորուստներ
- Նիկիտա Ենգիբարյան (2025 թ․ հուլիս) - ինքնասպանություն՝ երկարատև հոգեբանական ճնշման, հասարակական մերժման և համակարգային խտրականության հետևանքով։ Նիկիտան հաճախ փակվում էր տանը՝ խուսափելով հասարակական շփումից և հանրությանը երևալուց։
- Կեսարիա Աբրամիձե (2024 թ․ սեպտեմբեր) - դաժան սպանություն սեփական բնակարանում։
Այս ողբերգությունները համակարգային բռնության և անպատժելիության հետևանք են։
Ընդհանուր եզրակացություն
Ներկայացված դեպքերը փաստում են, որ Հայաստանում և տարածաշրջանում տրանս անձանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը համակարգային բնույթ են կրում։ Օրենսդրական բացերը, թերի կանխարգելիչ մեխանիզմները և հակատրանս շարժումների ակտիվությունը նպաստում են ատելության և անպատժելիության խորացմանը։
Կազմակերպության դիրքորոշումը
«Իրավունքի կողմ» ՀԿ–ն վերահաստատում է, որ իր գործունեությունը բացառապես մարդու իրավունքների պաշտպանությունն է և որևէ քաղաքական շահարկման ենթակա չէ։ Կազմակերպության առաջնային նպատակն է ապահովել, որ տրանս ԼԳԲԻՔ+ անձինք ապրեն անվտանգ, հարգալից, խարանից ու խտրականությունից զերծ միջավայրում։
Կոչ
Պետական կառույցներին
- ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
- սահմանել գենդերի իրավական ճանաչման հստակ, մարդակենտրոն և հասանելի ընթացակարգեր,
- ապահովել ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ որակում և պատժելիություն,
- բարձրացնել իրավապահ մարմինների արդյունավետությունը տրանս անձանց անվտանգության պաշտպանության հարցերում։
Զանգվածային լրատվամիջոցներին
- գործել պատասխանատու, հավասարակշռված և փաստարկված լրագրության սկզբունքներով,
- խուսափել մանիպուլյատիվ, խեղաթյուրող կամ խարանավորող ներկայացումներից,
- ոչ մի դեպքում չշահարկել տրանս անձանց պատմություններն ու փորձառությունը քաղաքական, տնտեսական կամ նպատակներով։
Միջազգային կազմակերպություններին և ֆինանսավորողներին
- շարունակել աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը և խթանմանը,
- նպաստել տարածաշրջանում ատելության դեմ արդյունավետ քաղաքականությունների մշակմանն ու զարգացմանը,
- ուժեղացնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են տրանս անձանց պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը։,
Այս օրը հարգում ենք բոլոր այն մարդկանց հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն ատելության, բռնության և անպատժելիության հետևանքով, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակել փաստագրել խախտումները, պաշտպանել տուժածներին և բարձրաձայնել համակարգային խնդիրների մասին՝ ապահովելու տրանս անձանց անվտանգ, արժանապատիվ և ազատ կյանքը