Հանրային Հայտարարություն Տրանս անձանց հիշատակի միջազգային օրվա առիթով

Տրանս անձանց իրավունքների, անվտանգության և պաշտպանության վերաբերյալ իրավիճակի գնահատական՝ Հայաստանի և տարածաշրջանի համատեքստում

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նշում է Տրանս անձանց հիշատակի միջազգային օրը՝ վերահաստատելով իր հանձնառությունը փաստագրելու մարդու իրավունքների խախտումները, աջակցելու տուժածներին և բարձրաձայնելու այն համակարգային մարտահրավերների մասին, որոնք շարունակում են խաթարել տրանս և ԼԳԲԻՔ+ անձանց անվտանգությունն ու բարեկեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Իրավիճակի ընթացիկ գնահատական՝ ՀՀ-ում և տարածաշրջանում

Վերջին տարիներին կազմակերպությունը փաստագրել է տրանս անձանց նկատմամբ աճող խտրականության, հետապնդման, ֆիզիկական և հոգեբանական բռնության, սոցիալական մեկուսացման և պետական ու մասնավոր կառույցների կողմից անհավասար վերաբերմունքի դեպքեր։

Այս միտումները խիստ սրվել են հակագենդերային և հակատրանս շարժումների ակտիվացման հետևանքով, որոնք տարածում են սխալ տեղեկատվություն, ատելության խոսք և թիրախավորող քարոզչություն՝ խթանելով խարանված վերաբերմունքը և ատելության նորմալացումը։

Մի շարք մեդիա հարթակների անպատասխանատու լուսաբանումները նույնպես խորացնում են իրավիճակը՝ տրանս անձանց խնդիրները շահարկելով քաղաքական նպատակներով, խեղաթյուրելով հանրային ընկալումները և նպաստելով նրանց նկատմամբ թիրախավորման ուժգնացմանը։

Տարածաշրջանային հակատրանս օրենսդրությունների ազդեցությունը

ՌԴ-ում, Վրաստանում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում վերջին տարիներին ընդունված հակատրանս օրենքները զգալիորեն սահմանափակում են տրանս անձանց հիմնարար իրավունքները․

  • դժվարանում կամ անհնար է դառնում անվանափոխությունն ու գենդերի իրավական ճանաչումը,
  • փաստաթղթերի փոփոխման ընթացակարգերը գրեթե անհասանելի են դառնում,
  • բժշկական միջամտությունների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակվում է։

Այս օրենքները տրանս անձանց անվտանգ ու արժանապատիվ կյանքը դարձնում են գրեթե անհնար, ինչը անուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի տրանս համայնքի վրա՝ խորացնելով խարանված վերաբերմունքն ու սոցիալական խնդիրները։

Փաստագրված դեպքեր և վիճակագրություն

2024 թ․ ընթացքում «Իրավունքի կողմ» ՀԿ–ն ստացել է ընդհանուր 433 դիմում տրանս և ԼԳԲԻՔ+ անձանցից, 284 անձ ստացել է հեռավար իրավաբանական աջակցություն։

Բացահայտված հիմնական խնդիրները՝

  • գենդերային հիմքով բռնություն
  • խոչընդոտներ պետական մարմիններում
  • մերժումներ սպասարկման ոլորտում
  • ընտանեկան բռնություն, ճնշումներ
  • ատելության խոսք
  • այլ իրավական խնդիրներ:

2025 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում կազմակերպությունը ստացել է 340 դիմում, 183 անձ ստացել է հեռավար իրավաբանական աջակցությամբ։

Բացահայտված հիմնական խնդիրները՝

  • գենդերային հիմքով բռնություն
  • խտրականություն պետական մարմիններում
  • մերժումներ սպասարկման ոլորտում
  • ընտանեկան խնդիրներ
  • ատելության խոսք
  • այլ իրավական հարցեր:

Առանձնահատուկ ծանր դեպքեր.

Հաշվետու ժամանակահատվածում փաստագրվել են ծանր և վտանգավոր միջադեպեր՝ ներառյալ.

  • Երևանում օտարերկրյա քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկել տրանս կնոջը՝ միայն նրա գենդերային ինքնության պատճառով։
  • Երեք անձ դաժան ծեծի են ենթարկել ԼԳԲԻՔ+ համայնքի ներկայացուցչի՝ ատելության դրդապատճառով։
  • «Miss Star International» մրցույթի մասնակից Դիանա Ղզրոյանը դարձել է ատելության խոսքի և սոցիալական թիրախավորման զոհ։
  • Զինված անձը դանակով ներխուժել է տրանս կնոջ բնակարան և դաժան ծեծի ենթարկել նրան։

Ծանր կորուստներ

  • Նիկիտա Ենգիբարյան (2025 թ․ հուլիս) - ինքնասպանություն՝ երկարատև հոգեբանական ճնշման, հասարակական մերժման և համակարգային խտրականության հետևանքով։ Նիկիտան հաճախ փակվում էր տանը՝ խուսափելով հասարակական շփումից և հանրությանը երևալուց։
  • Կեսարիա Աբրամիձե (2024 թ․ սեպտեմբեր) - դաժան սպանություն սեփական բնակարանում։

Այս ողբերգությունները համակարգային բռնության և անպատժելիության հետևանք են։

Ընդհանուր եզրակացություն

Ներկայացված դեպքերը փաստում են, որ Հայաստանում և տարածաշրջանում տրանս անձանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը համակարգային բնույթ են կրում։ Օրենսդրական բացերը, թերի կանխարգելիչ մեխանիզմները և հակատրանս շարժումների ակտիվությունը նպաստում են ատելության և անպատժելիության խորացմանը։

Կազմակերպության դիրքորոշումը

«Իրավունքի կողմ» ՀԿ–ն վերահաստատում է, որ իր գործունեությունը բացառապես մարդու իրավունքների պաշտպանությունն է և որևէ քաղաքական շահարկման ենթակա չէ։ Կազմակերպության առաջնային նպատակն է ապահովել, որ տրանս ԼԳԲԻՔ+ անձինք ապրեն անվտանգ, հարգալից, խարանից ու խտրականությունից զերծ միջավայրում։

Կոչ

Պետական կառույցներին

  • ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
  • սահմանել գենդերի իրավական ճանաչման հստակ, մարդակենտրոն և հասանելի ընթացակարգեր,
  • ապահովել ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ որակում և պատժելիություն,
  • բարձրացնել իրավապահ մարմինների արդյունավետությունը տրանս անձանց անվտանգության պաշտպանության հարցերում։

Զանգվածային լրատվամիջոցներին

  • գործել պատասխանատու, հավասարակշռված և փաստարկված լրագրության սկզբունքներով,
  • խուսափել մանիպուլյատիվ, խեղաթյուրող կամ խարանավորող ներկայացումներից,
  • ոչ մի դեպքում չշահարկել տրանս անձանց պատմություններն ու փորձառությունը քաղաքական, տնտեսական կամ նպատակներով։

Միջազգային կազմակերպություններին և ֆինանսավորողներին

  • շարունակել աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը և խթանմանը,
  • նպաստել տարածաշրջանում ատելության դեմ արդյունավետ քաղաքականությունների մշակմանն ու զարգացմանը,
  • ուժեղացնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են տրանս անձանց պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը։,

Այս օրը հարգում ենք բոլոր այն մարդկանց հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն ատելության, բռնության և անպատժելիության հետևանքով, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակել փաստագրել խախտումները, պաշտպանել տուժածներին և բարձրաձայնել համակարգային խնդիրների մասին՝ ապահովելու տրանս անձանց անվտանգ, արժանապատիվ և ազատ կյանքը

20-11-2025
Կիսվել