Իրականացվեց ԳԲՏԻՔ զորակոչիկների իրավունքների պաշտպանության համար կամավորների ակադեմիա
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում, իրականացրեց ԳԲՏԻՔ զորակոչիկներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կամավորների ակադեմիա։
Ակադեմիային մասնակցեցին 20 կամավորներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ Ծրագրի նպատակն էր ուժեղացնել կամավորների կարողությունները՝ զինակոչի գործընթացում ԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանություն ապահովելու համար։
Ակադեմիայի ընթացքում կամավորները ձեռք բերեցին գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության, ֆիզիկական և թվային անվտանգությունը զորակոչի ընթացքում, անձնական տվյալների պաշտպանության, սոցիալական ցանցերում ռիսկերի կառավարման, համայնքային մակարդակում ռիսկերի քարտեզագրման, զինկոչի ընթացակարգի, բռնության և խտրականության դեպքերի արձանագրման, տեղական և միջազգային իրավական շրջանակներում ԳԲՏԻՔ անձանց իրավունքների, ինչպես նաև «հավասարը՝ հավասարին» խորհրդատվության կարևորություն թեմաներով։
Կամավորները փորձագետի հետ աշխատեցին ձեռնարկի մշակման, անհատական պլանների և ռեսուրսների քարտեզագրման ուղղությամբ։ Իրականացվեցին դերային խաղեր՝ զինկոմիսարիատներում, հոգեկան առողջության կենտրոններում և հոգեբուժական հանձնաժողովների առջև առաջացող իրավիճակների մոդելավորմամբ։ Քննարկվեցին բժշկական գաղտնիության պահպանման, բացահայտման ռիսկերի և հիվանդանոցներում անձնական տվյալների պաշտպանության հարցերը։
Հանդիպմանը մասնակցեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով, ընդգծեց ակադեմիայի կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց պատասխանելու կամավորների հարցերին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև IWPR-ի ծրագրերի համակարգող Քնարիկ Մկրտչյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակը և ընդգծեց համագործակցության կարևորությունը։
Ակադեմիայի ընթացքում կամավորները իրականացրեցին զորակոչի խնդիրների քարտեզագրում Երևանում և մարզերում, ներկայացրեցին զինկոմիսարիատներում և հոգեկան առողջության կենտրոններում հանդիպած խտրականության դեպքերը և մշակեցին լուծումների առաջարկներ։ Կամավորները մշակեցին ճանապարհային քարտեզ, որի միջոցով առաջիկա տարիներին կաջակցեն ԳԲՏԻՔ զորակոչիկներին՝ նրանց իրավունքների պաշտպանության բոլոր փուլերում։
Ակադեմիայի ավարտին կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց կամավորներին՝ նշելով, որ նրանց գիտելիքներն ու պատրաստակամությունը կարևոր քայլ են ԳԲՏԻՔ համայնքի անվտանգության և իրավունքների պաշտպանության գործում և հիմք են երկարաժամկետ համայնքային աջակցության համար։
Շնորհակալություն ենք հայտնում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությանը և «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին» (IWPR)՝ աջակցության, վստահության և արդյունավետ համագործակցության համար։
Ակադեմիան կունենա շարունակական բնույթ․ հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2026 թվականին՝ այս անգամ հոգեկան առողջության կենտրոնների մասնագետների և կամավորների մասնակցությամբ