Ներառականություն, անվտանգություն և իրավունքներ․ եռօրյա ճամբար ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների համար

Սույն թվականի հունիսի 9-ից 11-ը, Փրայդ ամսվա շրջանակում, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Լոռու մարզում կազմակերպեց և իրականացրեց ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների սոցիալական ներառման եռօրյա ճամբար՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերից և տարածաշրջանի երկրներից ժամանած ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների։

Ճամբարի նպատակն էր ստեղծել անվտանգ, աջակցող և ներառական միջավայր, որտեղ ակտիվիստները հնարավորություն կունենային ոչ միայն վերականգնել իրենց ներքին ռեսուրսները և ամրապնդել համայնքային կապերը, այլև զարգացնել գիտելիքներն ու կարողությունները՝ սոցիալական ներառման, անվտանգության, համայնքային համերաշխության և ԼԳԲՏԻՔ+ իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Հաշվի առնելով, որ Հայաստանում ԼԳԲՏԻՔ+ անձինք շարունակում են բախվել խտրականության, մեկուսացման և անհավասար հնարավորությունների, ճամբարը միտված էր ստեղծելու այնպիսի տարածք, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող էր զգալ ընդունված, լսված և արժևորված՝ միաժամանակ ձեռք բերելով նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սեփական համայնքներում առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար։

Եռօրյա ճամբարի կրթական հատվածում մասնակիցները քննարկեցին սոցիալական ներառման սկզբունքներն ու դրանց կիրառման հնարավորությունները ԼԳԲՏԻՔ+ համայնքների համատեքստում, անդրադարձան Հայաստանում և տարածաշրջանում ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավիճակին, իրականացրին առկա ռիսկերի քարտեզագրում և քննարկեցին դրանց հաղթահարման ռազմավարությունները։ Առանձին ուշադրություն դարձվեց հավասարը հավասարին աջակցության մեխանիզմներին, համայնքային համերաշխության զարգացմանը, ինչպես նաև անվտանգ և կայուն ակտիվիզմի գործիքներին։

Միաժամանակ, ճամբարի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների ֆիզիկական և հոգեկան բարեկեցությանը, անվտանգությանը և հուզական այրման (burnout) կանխարգելմանը։ Մասնակիցները ներգրավվեցին ինքնախնամքի, բարեկեցության և ստեղծարարությանն ուղղված տարբեր գործողություններում, այդ թվում՝ յոգայի, արվեստի թերապիայի, նկարչության և խմբային ռեֆլեքսիաների մեջ։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև մշակութային և ճանաչողական այցելությունները Լոռու մարզի մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, «Դսեղի ծովեր» լիճ և Մենձ Էր քարայր-ամրոց։ Այս այցելությունները մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն ծանոթանալ Հայաստանի մշակութային ժառանգությանը, այլև ամրապնդել միջհամայնքային կապերը և ստեղծել նոր համագործակցություններ։

Մասնակիցներից մեկի խոսքով․

«Այս ճամբարը ինձ համար դարձավ մի տարածք, որտեղ կարող էի ոչ միայն հանգստանալ և վերականգնվել, այլև սովորել ու վերաիմաստավորել իմ ակտիվիստական աշխատանքը։ Շատ կարևոր էր հանդիպել մարդկանց, ովքեր կիսում են նույն արժեքներն ու մարտահրավերները»։

Մեկ այլ մասնակից նշեց․

«Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը տարբեր համայնքներից եկած ակտիվիստների միջև ձևավորված համերաշխությունն էր։ Մենք կիսվեցինք փորձով, սովորեցինք միմյանցից և ստեղծեցինք կապեր, որոնք վստահաբար շարունակություն կունենան նաև ճամբարից հետո»։

Ճամբարի ավարտին մասնակիցները վերահաստատեցին համայնքային համերաշխության, փոխադարձ աջակցության և շարունակական կրթության կարևորությունը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը ԼԳԲՏԻՔ+ անձանց ներառման, բարեկեցության և անվտանգության խթանման գործում։

Շուտով կներկայացնենք նաև ճամբարի մասին պատմող տեսանյութը, որտեղ մասնակիցները կկիսվեն իրենց փորձառություններով, տպավորություններով և ճամբարի ընթացքում ձեռք բերված կարևոր դասերով։

07-07-2026
Կիսվել