
Մարդու իրավունքների և սեռավարակների մասին տեղի ունեցած դասընթացների շարք

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, կարևորելով Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց շրջանում կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը առողջության, սեռավարակների և մարդու իրավունքների վերաբերյալ, սույն թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է թվով 6 մեկօրյա դասընթաց սեքս աշխատող անձանց իրավունքների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ։ Դասընթացները վարում էին կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը։
Լ. Մարտիրոսյանը սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 17-ին իրականացված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և Գլոբալ ֆոնդ» թեմայի վերաբերյալ դասընթացների ընթացքում մասնակիցներին մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, ինչպես է պետք իրականացնել հետազոտություններ ՄԻԱՎ կարգավիճակի մասին իրազեկվելու և այն կանխարգելելու համար։
Դասընթացների ընթացքում Լ. Մարտիրոսյանն անդրադարձավ ՄԻԱՎ վարակակիր սեքս աշխատող անձանց նկատմամբ խարանի ու խտրականության դրսևորումներին, հորդորեց զերծ մնալ խտրական վերաբերմունքից սեքս աշխատող և ՄԻԱՎ վարակակիր անձանց նկատմամբ և իրազեկ լինելով պայքարել սեքս աշխատողների նկատմամբ խարանին։ Դասընթացների ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց նաև Գլոբալ ֆոնդի գործունեությունից, ներկայացրեց ֆոնդի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի մասին։
Դասընթացներին մասնակցեցին Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք, որոնք իրենց հարցերն ուղղեցին կազմակերպության նախագահ Լ. Մարտիրոսյանին։ Մասնակիցների բոլոր հարցերը ստացան համապարփակ պատասխաններ, իսկ դասընթացներն անցան ինֆորմատիվ և բովանդակային քննարկումներով։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց համար սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընացքում իրականացրել է թվով 4 դասընթաց՝ «Սեքս աշխատող անձանց իրավունքները», «Սեքս աշխատողների իրավունքների խախտման դեպքերը», «Սեքս աշխատող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները» և «Առողջության իրավունքը» թեմաներով։
Դասընթացները վարեց կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը, որը բոլոր դասընթացների ընթացքում հանգամանալից ներկայացրեց մարդու իրավունքները, իրավունքների խախտման դեպքերը, դրանց պաշտպանությունը, սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության օրինական բացերը և այլն։ Փաստաբանը, խոսելով սեքս աշխատող անձանց իրավունքների խախտումների մասին, ներկայացրեց, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել մինչ այս, որոնք փաստագրվել են «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից, և թե ինչ իրավաբանական ծառայություններ է մատուցում կազմակերպությունը։
Անդրադառնալով առողջության իրավունքին՝ դասընթացավարը ներկայացրեց բժշկական հաստատություններում Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց նկատմամբ բռնության, խտրականության, խարանի, բուլինգի դրևորումները, ներկայացրեց առողջության իրավունքի ապահովման մի քանի մեխանիզմներ և այլն։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դասընթացների իրականացման ընթացքում ներգրավեց ավելի քան 60 Տրանս ԼԳԲԻՔ+ սեքս աշխատող անձանց, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն ունեցան դասընթացների արդյունավետ իրականացման գործում։
Կազմակերպությունը շարունակում է ծավալել կրթական և տեղեկատվական գործունեություն, որոնց միջոցով բարձրացվում է Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրազեկվածության մակարդակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, մարդու իրավունքների և հարակից այլ հարցերի վերաբերյալ։
ԻԿՀԿ-ն անցնող տարվա ընթացքում կարողացել է ներգրավել հարյուրավոր Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց, որոնք օգտվել են կազմակերպության կողմից տրամադրվող կրթական, տեղեկատվական, իրավաբանական և սոցիալական ծառայություններից, քանի որ կազմակերպության համար կարևոր է Տրանսգենդեր անձանց կրթությունը, բարօրությունը և բարեկեցությունը։