
Ատելության հիմքով խմբակային հարձակում ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցչի նկատմամբ

2025 թ․ ապրիլի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում՝ Պուշկին փողոցի շենքերից մեկի բակում, տեղի է ունեցել բռնի հարձակում ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցչի նկատմամբ։
Տուժողի վստահությունը շահել էր անհայտ անձը՝ ծանոթանալու պատրվակով և հրավիրել էր հանդիպման նշված վայր։ Հանդիպման պահին նրան մոտեցել էր մի տղա, ապա ևս երկու անհայտ անձինք՝ կազմելով երեք հոգանոց խումբ։ Նրանք հարձակվել են համայնքի անդամի վրա՝ ձեռքերով և կռփազենքով հարվածներ հասցնելով գլխին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով լուրջ ֆիզիկական վնասվածքներ և հոգեբանական ճնշվածություն։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նույն օրը ստացել է տուժած անձի ահազանգը։ Տուժողն անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին։ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիմքով՝ «ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»։
Մեր կազմակերպության փաստաբանները ներգրավված են գործի վարույթին և տրամադրում են անհրաժեշտ իրավական աջակցություն տուժած անձին։
Մենք խստորեն դատապարտում ենք ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ցանկացած ձևի բռնություն և ատելություն։ Համայնքի անդամների անվտանգությունն ու արժանապատվությունը պետք է լինի պետական և հասարակական բոլոր մակարդակներում առաջնահերթություն։
#ԼԳԲՏԻՔիրավունքներ #Ատելությանհիմքովհարձակում #Իրավունքիկողմ