
Chrismon evangelisch magazine-ի անդրադարձը ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներին Հայաստանում: Հարցազրույց ակտիվիստների հետ

2020 թ.-ի օգոստոսի 8-ին Chrismon Evangelisch Magazine-ն անդրադարձ է կատարել ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներին Հայաստանում՝ հարցազրույց վերցնելով մի քանի հայ ԼԳԲՏԻՔ ակտիվիստներից:
Հոդվածում քննարկվել են ԼԳԲՏԻՔ մարդկանց իրավունքներն ու նրանց զգացողությունները հայաստանյան հայրիշխան հասարակությունում: Սակայն մինչև բուն հարցազրույցներին անցնելը, օրաթերթում արտացոլվում է հայ հասարակության մեծամասնության դիրքորոշումը ԼԳԲՏԻՔ հիմնահարցերին:
Հայաստանն աշխարհի այն երկրներիցէ, որտեղ տրանս մարդիկ ամենաշատն են խտրականության ենթարկվում և հետապնդվում:
Այնինչ Հայաստանը համարվում է Արևմտյան Եվրոպայի մաս, ժողովրդավար երկիր, իսկ հայերը միշտ հպարտանում են առաջին քրիստոնյա երկիրը լինելու համար: Սակայն մարդկանց մեծամասնության մտածելակերպն այնքան հետադիմական է, որ մերժում է ԼԳԲՏԻՔ անձանց գոյը` հիմնավորելով, որ «մեզ ընտանիքներ են պետք, որտեղ կծնվեն ապագա զինվորներ, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կկործանի մեզ»:
Եվրոպական 49 երկրների ԼԳԲՏԻՔ միջազգային ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում ԼԳԲՏԻՔ մարդկանց նկատմամբ հետապնդումների և խտրականության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Միայն Ռուսաստանում և Ադրբեջանում է իրավիճակն էլ ավելի վատ:
Հայաստանում այլևս անօրինական չեն նույնասեռ հարաբերությունները և անվանափոխությունը: 2015 թվականից ի վեր տրանս անձանց հաջողվել է փոխել իրենց անունները՝ առանց անձնագրային սեռը փոխելու: Բայց այլ գենդերային ինքնությամբ մարդկանց մերժումը դեռ արմատական է և դեռևս անընդունելի է հայրիշխան, միլիտարիզացված հայ հասարակության մեծամասնության կողմից:
2014 թ.-ին Եվրոտեսիլ երգի մրցույթում հաղթեց Կոնչիտա Վուրստը, և Հայաստանից ներկա երգիչ և հետագայում նաև մրցույթի դատավոր Անուշ Արշակյանն, ով Ինգա և Անուշ Արշակյաններ հայտնի դուետից էր, ասաց. «Ես այդ երևույթը զզվելի եմ համարում, ճիշտ այնպես, ինչպես որ խելագարությունը»: Ավելի ուշ Անուշը ներողություն է խնդրել իր կատարած հայտարարության համար: Սակայն միևնույնն է, այսպիսի նախադասություններն են, որ մխրճվում են մարդու լեզվամտածողության մեջ՝ ստեղծելով պարարտ հող ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ խարանի և խտրականության համար:
Նման մտածելակերպը կարող է հանգեցնել նաև ատելության հիմքով հանցագործությունների թվի աճին, ինչպես որ եղավ 2018-ի ամռանը Շուռնուխ գյուղում, երբ բնակիչները հարձակվեցին մի խումբ ԼԳԲՏԻՔ մարդկանց վրա, և մինչ ոստիկանության ժամանումը ԼԳԲՏԻՔ երիտասարդները ավելի քան մեկ ժամ հետապնդման և հարձակման էին ենթարկվել, կային բազմաթիվ տուժածներ: Վիճակագրորեն, աշխարհում գրեթե ամեն օր տրանսգենդեր մարդ է սպանվում: Ակտիվիստների հաշվարկների համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 700 տրանսսեքսուալների սպանություն: Հանուն մարդու իրավունքների քարոզարշավը հայտնել է, որ միայն ԱՄՆ-ում անցյալ տարի 26 տրանս մարդ է սպանվել:
Ամփոփելով ընդհանուր իրավիճակը՝ հարցազրույցը շարունակվել է ակտիվիստների հետ իրենց կյանքի պատմություններով: Նախ հարցազրուցավարը խոսել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Լիլիթ Մարտիրոսյանը գերմանական օրաթերթին պատմել է, որ ինքը պետք է զգույշ լինի, շատերն են իրեն ատում:
«Գրեթե ամեն օր, ինչ-որ տեղ աշխարհում, ինչ-որ մեկին սպանում են պարզապես այն պատճառով, որ նա տրանսգենդեր է»,- հավելել է Լիլիթը: Նա առաջին տրանս կինն էր, ով ելույթ ունեցավ ՀՀ խորհրդարանում՝ իր խոսքով պաշտպանելով ԼԳԲՏԻՔ անձանց: Դրանից հետո նա ատելության և մահվան սպառնալիքների հաղորդագրություններ է ստացել: ԱԺ-ում իր ելույթից հետո քահանա Պետրոսյանը հրապարակավ կոչ է արել մահապատժի ենթարկել իրեն և իր նման տրանսգենդերներին իրենց գենդերային ինքնության համար:
ԲՀԿ պատգամավորը լրատվամիջոցներին բացատրում էր, որ չի կարելի տղամարդկանց խառնել կանանց հետ, քանի որ դա ամոթալի է: Խորհրդարանում իր երեք րոպենանոց ելույթում Լիլիթը փաստերով ու թվերով նկարագրել է Հայաստանում ԼԳԲՏԻՔ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականության, խարանի և հետապնդումների դիսկուրսը:
Ելույթից հետո ատելության և սպառնալիքների ահռելի ալիքը փլուզվեց Լիլիթի գլխին: Խորհրդարանի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Լիլիթին մեղադրել է ԱԺ «օրակարգը խախտելու» և «չհարգելու» մեջ: Դրանից անմիջապես հետո Լիլիթի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին հերթական մահվան սպառնալիքներով լի հաղորդագրությունները: Իրավիճակն էլ ավելի վատթարացավ, երբ համացանցում հրապարակվեց նրա բնակարանի հասցեն:
Զայրացած ամբոխը հավաքվել էր նրա տան դիմաց՝ վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով: Իրավիճակը սրվել էր առ այն, որ Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացրին Հայաստանում «ատելության խոսքի և բռնության աճի» մասին: Նախ Լիլիթը ստիպված էր թաքնվել Հայաստանում, այնուհետև, մի քանի շաբաթ օթևանել արտերկրում:
Chrismon Evangelisch Magazine-ըհարցազրույցն անցկացրել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակում, որը Լիլիթը հիմնադրել է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար: Լիլիթը, նստելով իր գրասեղանի ետևում, պատմեց իր կյանքի պատմությունը:
Նա մեծացել է Երևանից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող գյուղում: Լիլիթը չի ուզում ասել այդ վայրի անունը` իր ընտանիքը պաշտպանելու համար: Հայրը՝ հողագործ է, մայրը՝ տնային տնտեսուհի: «Ամեն ինչ շատ ավանդական է եղել», – ասում է նա: Լիլիթը տասը կամ տասնմեկ տարեկան հասակում սկսում է թաքուն հագնել մոր հագուստները, ընտանիքը նրան է, այդ ցանկությունը միայն նրա գլխում է:
Լիլիթը պատասխանում է. «Ոչ, ես կին եմ, ես դա զգում եմ»: Իրավիճակն ամեն օր ավելի է վատանում, մինչև Լիլիթը 13 տարեկանում փախչում է տնից: Նա ճանապարհ է ընկնում դեպի Երևան՝ ծնողներին ասելով, որ աշխատանք է գտել: Իրականում նա ստիպված էր սեքս աշխատանքով զբաղվել գոյատևելու համար:
Լիլիթը բնակարան էր գտել, որտեղ ապրում էր այլ տրանսգենդեր կանանց հետ, ովքեր նույնպես զգում էին, որ իրենք սխալ մարմնում են ծնվել: Կյանքը դժվար է. ոչ ոք տրանսսեքսուալներին չի վերցնում աշխատանքի, քանի որ հակառակ դեպքում հայրիշխան հասարակության բողոքը չափազանց մեծ կլինի: Երիտասարդ տրանս կինը ստիպված է եղել փողոցում աշխատել:
Լիլիթին ծեծել ու վատ են վերաբեր վել,նույնիսկ դանակով սպառնացել են նրան: Բարեբախտաբար, սենյակակիցները լսել են նրա ճիչը և հասել են օգնության: Այնուամենայնիվ, այս տարիները նրա համար ազատագրման ժամանակաշրջան են եղել, ինչպես որ պատմեց Լիլիթը: Այժմ նա ապրում է որպես տրանսգենդեր անձանց իրավունքների համար առաջնագծում պայքարող ակտիվիստ և կայացած կին:
Սակայն նա նշեց, որ հորմոնոթերապիայի հետ կապված շատ խնդիրներ կան, քանի որ Հայաստանում չկան բժիշկների կողմից հաստատված անհրաժեշտ հորմոններ : Լիլիթը խտրականության է ենթարկվել հայաստանյան բժիշկների կողմից ևս, քանի որ նրանք հրաժարվել են կատարել նրա սեռափոխության վիրահատությունը և Լիլիթը ստիպված է եղել Ռուսաստանից վիրաբույժ հրավիրել, քանի որ հայ վիրաբույժի համար բարդ էր կոտրել տաբուն` սեռափոխություն կատարելով: Լիլիթի վիրահատությունները տեղի են ունեցել գաղտնի, գիշերը՝ 2015 թ,-ի Սուրբ Ծննդյան օրվանից անմիջապես հետո:
Լիլիթը իր ողջ խնայողությունները զոհաբերել է վիրահատության համար: Դա Հայաստանում սեռափոխության երրորդ վիրահատությունն էր: Թե որտե՞ղ են տեղի ունեցել գործողությունները և թե ո՞վ է նրան խնամել, Լիլիթը գերմանական օրաթերթին բացահայտել չի ցանկացել՝ նշելով, որ ինքը պետք է իրեն պաշտպանի: 2019 թ. ապրիլի 5-ից ի վեր՝ Լիլիթի խորհրդարանական ելույթից հետո, նա իր աշխատակից ընկերների և ընտանիքի անդամների հետ մեկտեղ ստացել է սպառնալիքներ՝ «Քեզ այրելն էլ քիչ է», «Մահապատիժ»:
Լիլիթը նաև նշեց, որ ինքը ցանկանում է մնալ Հայաստանում: Իր՝ խորհրդարանական ելույթից հետո նա ստիպված էր փախչել և երկու շաբաթ արտերկրում օթևանել; Լիլիթը պատմեց, որ մի պահ նա մտածել է ընդմիշտ մնալ արտերկրում: Հետո վերադարձել է Երևան, չցանկանալով փախստական դառնալ, քանի որ սա նաև իր երկիրն է: Իր ընկերներն այստեղ են ապրում, և նրանք շարունակում են ենթարկվել խտրականության, այդ իսկ պատճառով նա ամեն օր հանդիպում է իր գործընկերների հետ իրենց փոքր գրասենյակում՝ աջակցելու տրանսգենդեր համայնքին:
Հարցին, թե ինչ պետք է փոխվի Հայաստանում, Լիլիթը պատասխանել է, որ իրենց պաշտպանող օրենքներ չկան, իրենց համար հորմոններ չկան, ինչպես նաև չկան բժիշկներ և կլինիկաներ, որտեղ իրենք կկարողանան վիրահատվել: Լիլիթը ցանկանում է դրա համար մինչև վերջ պայքարել:
Օրաթերթը հարցազրույց անցկացրեց նաև տրանս մոդել Մոնիկա Սարկիսյանի հետ: 2019-ի հունիսին նա հարձակման էր ենթարկվել, Երևանի կենտրոնում ամբոխը շրջապատել էր նրան: «Դա նրանցից մեկն է: Այրեք»,- մի կին բղավել է, երբ Մոնիկան քայլելիս է եղել Երևանի կենտրոնում:
Նա միշտ իր հետ ունի շոկեր ատրճանակ: Մի մարդ վազել է դեպի Մոնիկան, քաշքշել նրա զգեստը՝ բղավելով. «Հանիր զգեստդ. ապացուցիր, որ կին ես»: Ամբոխը հարձակվել է նրա վրա: Պաշտպանվելու համար Մոնիկան հանել է շոկեր ատրճանակը, օդում պահելով հետ մղել մարդկանց:
Նա ստիպված է եղել միշտ կրել այն իր պայուսակում: Ավելի ուշ, երբ ոստիկանությունը եկել է, միայն Մոնիկային են իրենց հետ տարել ոստիկանական բաժանմունք: Մոնիկայի հետ ամսագիրը հարցազրույցն անցկացրեց օպերայի հարակից սրճարանում: Մատուցողուհին նյարդային խաչակնքվեց՝ տրանս կնոջը տեսնելով: Հարցազրույցի ընթացքում նա և սրճարանի մյուս տղամարդիկ ցույց էին տալիս Մոնիկային և ծիծաղում նրա վրա: Մոնիկան անտեսում էր ծաղրը, որին առերեսվում է գրեթե ամեն օր: Նա շատ ավելի խորը վերքեր ունի:
Մոնիկայի ծնողները և եղբայրները հրաժարվել են նրա հետ կապ պահպանելուց, և քանի որ նա աշխատանք չի կարողանում գտնել գոյատևելու համար կախված է «մի քանի տղամարդու աջակցությունից»: Նա ավելին չի ուզում մանրամասնել: Դեռևս մանկուց Մոնիկան մոդել դառնալու երազանք ունի: Վերջերս նա առաջարկ ստացավ մասնակցելու America’s Next Top Model-ի ուկրաինական հաղորդմանը: Բայց ճանապարհորդությունը չեղյալ հայտարարվեց Կորոնավիրուսի պատճառով: Փայլփլող աչքերով նա խոսել է միջազգային նորաձևության ապրանքանիշերի՝ ինչպիսիք են Gucci, Versace, Dolce & Gabbana-ի մասին: «Իմ նպատակն է լինել տրանս կանանց դեմքը»,- ամփոփեց Մոնիկան:
Հաջորդ ԼԳԲՏԻՔ ակտիվիստը, ում հետ հարցազրույց անցկացվեց Մամիկոն Հովսեփյանն էր: Մամիկոնը պարբերաբար մահվան սպառնալիքներ է ստացել, քանի որ նա, լինելով «ՓԻՆՔ Արմենիա» հասարակական կազմակերպության ղեկավարը, հանդես է գալիս ՀՀ-ում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ: Հարցերին պատասխանելուց առաջ Մամիկոն Հովսեփյանը խորը շունչ քաշեց, քանի որ 37-ամյա երիտասարդը գիտի, թե ինչ է նշանակում հասարակությունից դուրս մնալը:«Ատելությունը դարձել է մեր ազգային ավանդույթի մի մասը: Եթե դուք չեք ատում, նշանակում է, որ իսկական հայ չեք»,- նշել է Մամիկոնը:
Փաստահավաք պատմությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում պահպանողական հասարակությունը դեռ ամբողջապես պատրաստ չէ ընդունելու ԼԳԲՏԻՔ անձանց և հարգել նրանց իրավունքները, ինչպես որ պետք է լինի իրավահավասար և ժողովրդավար երկրում: Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն և Լիլիթ Մարտիրոսյանն իրենց շնորհակալությունն են հայնտնում Chrismon Evangelisch Magazine-ին Հայաստանում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիսկուրսի լուսաբանման համար:
https://chrismon.evangelisch.de/artikel/2020/50538/reportage-transsexuelle-in-armenien
Սեպտեմբերի 10, 2020 Հայաստան, Երևան