Դատարանը որոշել է նորից քննել սեռական կողմնորոշման հիմքով խոշտանգման գործը

2022 թվականին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը դիմել է Հ.Ա.-ն՝ հայտնելով, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության թիվ 1 կայազորի դատախազությունում հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այդ հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 4-րդ կետերով (խոշտանգում)։

Հ.Ա.-ն տեղեկացրել է, որ 2020 թվականին, ծառայելիս Արցախի Հանրապետության ՊԲ x զորամասում, իր սեռական կողմնորոշման պատճառով բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ սպայական կազմի կողմից։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո նա ճանաչվել է որպես տուժող, և գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն։

2022 թվականի հոկտեմբերի 5-ից Հ.Ա.-ի շահերի պաշտպանությունն իրականացրել է «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի փաստաբանական թիմը։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ. Մաշադյանը, բավարարելով քննչական կոմիտեի վերոնշյալ վարչության տեղակալ Հ. Սարգսյանի միջնորդությունը, որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը մեղադրյալներ Գ. Լալայանի, Գ. Բաբայանի, Մ. Ներսիսյանի և Ռ. Գաբրիելյանի նկատմամբ։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն բողոքարկել է այս որոշումը՝ տուժողի անունից։ Վերջիվերջո, Կազմակերպությունը հասել է արդարության․ 2025 թվականի մարտի 31-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժողի փաստաբանի բողոքը՝ ճանաչելով Հ.Ա.-ի իրավունքների խախտումը և պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնել խախտումները։

Այս որոշումը կարևոր նախադեպ է խոշտանգումների զոհ դարձած ԼԳԲՏԻՔ անձանց արդարադատության հասանելիության առումով։

09-04-2025
Կիսվել