
Հանրային հայտարարություն ՄԻԱՎ-ի ազգային ծրագրի դրամաշնորհից հրաժարվելու վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ և համայնքի ներկայացուցիչներ,
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն, լինելով տրանս և սեքս աշխատող համայնքների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար կազմակերպություն, մշտապես առաջնորդվել է պատասխանատու և իրատեսական մոտեցմամբ՝ նախաձեռնելով ծրագրեր, որոնք լիովին համապատասխանում են մեր համայնքների կարիքներին։
Այս տարի մենք դիմել էինք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի՝ «ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում 2025-2027թթ. ընթացքում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացման» նպատակով հայտարարված դրամաշնորհին երկու ծրագրերով՝ ԿՍԿ և ՏԱ խմբերի համար՝ նպատակ ունենալով ապահովել համակցված և փոխլրացնող մոտեցում։ ՏԱ ծրագրի իրականացումը, ինչպես նախորդ տարիներին, հիմնված էր ԿՍԿ և այլ խմբերի ծրագրին կցորդ եղանակով գործելու մեխանիզմի վրա, քանի որ ՏԱ խմբի համար դրամաշնորհի նախատեսած բյուջեն բավարար չէ ծրագիրը լիարժեք իրականացնելու համար։ Սակայն, ԿՍԿ ծրագրի չհաստատվելու պայմաններում ՏԱ ծրագիրն առանձին իրականացնելը ոչ միայն ռեսուրսային, այլև գործնական առումով անիրատեսական է մեզ համար։
Որոշման հիմնավորումը
-
ՏԱ ծրագրերը միշտ իրականացվել են ԿՍԿ և ՏՍՏ ծրագրերին կցորդ եղանակով։ Այս մեթոդը թույլ է տվել համատեղել ռեսուրսները և ապահովել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավոր է եղել արձագանքել տրանս անձանց առողջապահական, սոցիալական և իրավական կարիքներին։ Առանձին ծրագիրը, առանց ԿՍԿ ծրագրի աջակցման, ներկա բյուջետային պայմաններում իրականացնելը, առանց խաթարելու ծրագրի որակն ու հաջողության հնարավորությունները, ռիսկային և անիրատեսական էր։ ՏԱ ծրագիրը նախատեսում էր բազմապրոֆիլ թիմի ներգրավում, ներառյալ՝ ծրագրի ղեկավար, համայնքային համակարգողներ, իրավաբաններ, հաշվապահ և տեխնիկական թիմ։ Առաջարկվող բյուջեն, սակայն, բավարար չէր նույնիսկ նվազագույն պահանջները հոգալու համար, ինչի հետևանքով թիմի մեծ մասից պահանջվելու էր աշխատել ներդրումներով՝ առանց վարձատրության։
Ծրագրի համաձայն՝ միայն ֆինանսական ղեկավարը, ծրագրի ղեկավարը և մոնիթորինգի մասնագետը պետք է ստանային սահմանափակ վարձատրություն, մինչդեռ մնացած թիմի անդամները, ներառյալ իրավաբանները, համայնքային համակարգողներն ու տեխնիկական աշխատակիցները, աշխատելու էին առանց որևէ ֆինանսական փոխհատուցման։ Ըստ ԻՀԱԿ-ի դրամաշնորհի պայմանների՝ ծրագրի բյուջեն ձևավորվում է միավոր ծառայության արժեքի և ծրագրի շահառուների թվի արտադրյալով։ Եթե ՏՍՏ, ԿՍԿ կամ ԹՕ անձանց պայմաններում շահառուների մեծ թիվը՝ (2025, 2026 և 2027 թթ․-ների համար համապատասխանաբար ՏՍՏ՝ 10.550, 11.350, 12.250, ԹՕ՝ 5.805, 6.255, 6.795 և ԿՍԿ՝ 4.000, 4.280, 4.580) հնարավորություն է ընձեռում այդ արտադրյալից նախատեսել ծրագիրը իրականացնող թիմի աշխատավարձեր, ապա ՏԱ անձանց դեպքում նույն ժամանակահատվածում 230, 360 և 540 շահառուների թվով ձևավորվող բյուջեն բավարար չէ, ինչը այլ ելք չի թողնում, քան դիտարկել ՏԱ խումբը վերը նշված խմբերից մեկին կցորդ։ Ուստի այս նախապայմանը բացառում է տրանս համայնքային կազմակերպությունների կողմից ծրագրի իրականացումը, եթե համատեղության կարգով կազմակերպությունը չի իրականացնում նաև ՏՍՏ, ԿՍԿ կամ ԹՕ խմբի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագիր։ Այսպիսի պայմաններում ծրագրի իրականացումը ոչ միայն ռիսկային էր, այլև սպառնում էր խաթարել ինչպես ծրագրի որակը, այնպես էլ մեր կազմակերպության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված վստահությունը։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է այն կարևորությունը, որ ծրագրերի իրականացումը պահանջում է ռեսուրսների արդար և համաչափ բաշխում՝ ապահովելու համար ներգրավված մասնագետների մասնագիտական արժանապատվությունն ու աշխատանքի որակը։ -
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն միշտ առաջնորդվել է համայնքի շահերով և իրական կարիքներով։ Մենք հավատացած ենք, որ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ՝ համայնքի առողջության և բարեկեցության առաջնահերթությունները չզիջելու սկզբունքով։ Կազմակերպության ղեկավարության և թիմի համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ միայն ՏԱ ծրագիրը, ներկայիս բյուջետային սահմանափակումներով, չէր կարող ապահովել արդյունավետ և երկարաժամկետ ազդեցություն՝ առանց ծրագրի որակը վնասելու։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն տարիների ընթացքում իրագործել է տասնյակ ծրագրեր, որոնք մշտապես մշակվել են իրատեսականության, արդյունավետության և համայնքի իրական կարիքներին արձագանքելու սկզբունքով։ Կազմակերպությունն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել ցանկացած մարտահրավեր՝ շնորհիվ իր ռազմավարական պլանավորման, նվիրված թիմի և համայնքի վստահության։
Մեր նախաձեռնությունները ներառել են առողջապահական, սոցիալական և իրավական աջակցության ծրագրեր, որոնք ունեցել են երկարաժամկետ ազդեցություն՝ առանց ծրագրերի որակը կամ մեր հիմնական արժեքները զիջելու։
Կազմակերպության հաջողության հիմքում ընկած է համայնքի շահերի պաշտպանությունը, միջազգային և տեղական գործընկերների հետ կառուցված արդյունավետ համագործակցությունը և յուրաքանչյուր ծրագրի նկատմամբ պատասխանատու և իրատեսական մոտեցումը։
Մեր աշխատանքի հիմքում միշտ եղել է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է ծառայի համայնքին, լինի որակյալ և իրագործվի պատասխանատու կերպով՝ խուսափելով ռեսուրսների վատնումից կամ կիսատ լուծումներից։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն այս արժեքները կպահպանի նաև ապագայում՝ շարունակելով առաջնորդվել նույն վճռականությամբ և նվիրվածությամբ։
Շնորհակալ ենք ձեր ըմբռնման, վստահության և աջակցության համար։ Մեր կազմակերպությունը շարունակելու է պաշտպանել համայնքի իրավունքները և ներկայացնել նրանց շահերը՝ միաժամանակ աշխատելով ծրագրերի իրատեսական և կայուն հիմքերի վրա։
Հարգանքով,
«Իրավունքի կողմ» ՀԿ