ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տրանս անձանց հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
Նոյեմբերի 20-ը Տրանս անձանց հիշատակի միջազգային օրն է։ Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն տրանս և գենդերային բազմազան անձանց հիշատակին, որոնց կյանքերն ընդհատվել են բռնության, ատելության և խտրականության հետևանքով, ինչպես նաև հիշում ենք նրանց, ովքեր կյանքից հեռացել են հասարակական մերժման, մեկուսացման և համակարգային անհավասարության պայմաններում։
Տրանս անձանց հիշատակի միջազգային օրը ոչ միայն հիշատակի և համերաշխության կոչ է, այլև միջազգային հանրությանը, պետություններին և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին ուղղված հիշեցում՝ մարդու կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանության պարտավորությունների մասին։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մակարդակով արձանագրված առաջընթացին՝ տրանս անձինք աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակում են ենթարկվել բռնության, խտրականության, ատելության խոսքի և սոցիալական մեկուսացման։ Առավել մտահոգիչ են հակագենդերային շարժումների ակտիվացումը, տրանս անձանց իրավունքները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունները և հանրային ու քաղաքական հռետորաբանության մեջ նրանց շարունակական թիրախավորումը։
Ըստ TGEU-ի՝ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն ամբողջ աշխարհում փաստագրվել է տրանս և գենդերային բազմազան անձանց սպանության 273 դեպք՝ 35 երկրում։Զոհերի 95%-ը տրանս կանայք են, իսկ յուրաքանչյուր երրորդը՝ սեքս-աշխատող։ Այս տվյալներն ընդգծում են տրանս անձանց, հատկապես առավել խոցելի և մարգինալացված խմբերի նկատմամբ բռնության կանխարգելման և պաշտպանության արդյունավետ մեխանիզմների հրատապ անհրաժեշտությունը։
Իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում
Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում տրանս անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության առարկա մնալ։ Տարածաշրջանում արձանագրված ողբերգական դեպքերը, ինչպես նաև վերջին տարիների օրենսդրական և քաղաքական զարգացումները վկայում են մարդու իրավունքների պաշտպանության առկա մարտահրավերների մասին։
2016 թվականի օգոստոսին Թուրքիայում սպանվեց տրանս ակտիվիստ Հանդե Քադերը, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Վրաստանում՝ տրանս ակտիվիստ Կեսարիա Աբրամիձեն։ Վերջինիս սպանությունը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի կողմից «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունման հաջորդ օրը։
Հայաստանում նույնպես արձանագրվել են ողբերգական կորուստներ։ 2022 թվականին ինքնասպանությամբ կյանքից հեռացավ Վիվիեն Ավանը, իսկ 2025 թվականի հուլիսին՝ երիտասարդ տրանս ակտիվիստ Նիկիտա Ենգիբարյանը։
Այս կորուստները հիշեցնում են, որ տրանս անձանց անվտանգությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական բռնությունից պաշտպանությամբ։ Հասարակական մերժումը, շարունակական խտրականությունը, մեկուսացումը և անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության անհասանելիությունը կարող են լրջորեն վտանգել տրանս անձանց բարեկեցությունն ու հոգեկան առողջությունը։
Մենք հիշում ենք նաև բոլոր նրանց, ում անունները չեն հրապարակվել, ում նկատմամբ կատարված բռնությունը չի փաստագրվել, և ում պատմությունները մնացել են հասարակության ուշադրությունից դուրս։
«Իրավունքի Կողմ» ՀԿ-ի փաստագրումները Հայաստանում
2016 թվականից «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ որպես Հայաստանում տրանս անձանց կողմից ղեկավարվող համայնքահեն իրավապաշտպան կազմակերպություն, հետևողական գործունեություն է իրականացնում տրանս անձանց նկատմամբ բռնության, խտրականության և ատելության շարժառիթով հանցագործությունների փաստագրման, իրավական պաշտպանության և միջազգային իրավապաշտպան մեխանիզմների ներգրավման ուղղությամբ։
Կազմակերպության փաստագրումների համաձայն՝
- 2016–2018 թվականներին արձանագրվել է տրանս անձանց նկատմամբ ատելության շարժառիթով հանցագործությունների 223 դեպք, այդ թվում՝ ֆիզիկական բռնության, սեռական բռնության և առևանգման դեպքեր։
- 2022 թվականի հունվարից նոյեմբեր փաստագրվել է ատելության շարժառիթով հանցագործության 94 դեպք։
- 2024 թվականին կազմակերպությունը ստացել է աջակցության 433 հարցում, իսկ 2025 թվականի առաջին տասը ամիսներին՝ 340 հարցում, ընդհանուր՝ 773 հարցում։
- 2026 թվականի հունվարից հոկտեմբեր կազմակերպությունը փաստագրել է տրանս անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով խտրականության, բռնության և ատելության դրսևորումների ավելի քան 100 ից ավելի դեպքեր։
Այս ցուցանիշները ներկայացնում են միայն կազմակերպության կողմից փաստագրված դեպքերն ու ստացված հարցումները և չեն արտացոլում իրավախախտումների ամբողջական պատկերը։
Հայաստանում տրանս անձանց նկատմամբ բռնության և խտրականության վերաբերյալ առանձնացված պաշտոնական վիճակագրության բացակայությունը շարունակում է սահմանափակել խնդրի իրական մասշտաբների գնահատումը և արդյունավետ կանխարգելիչ քաղաքականությունների մշակումը։
«Իրավունքի Կողմ» ՀԿ-ն ընդգծում է, որ տրանս անձանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված միջադեպեր։ Դրանք պահանջում են համակարգային արձագանք, համակարգային պատասխանատվություն և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական պետական քաղաքականություն։
Հակագենդերային շարժումների ակտիվացումը և տարածաշրջանային մարտահրավերները
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում տարածաշրջանում հակագենդերային շարժումների ազդեցության ընդլայնումը, տրանս անձանց նկատմամբ թիրախավորող հռետորաբանության տարածումը և մարդու իրավունքների պաշտպանության գործող երաշխիքների սահմանափակման միտումները։
Վրաստանում 2024 թվականին ընդունված «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը և դրան հաջորդած օրենսդրական փոփոխությունները սահմանափակել են ԼԳԲՏԻ+ անձանց, այդ թվում՝ տրանս անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Առանձնապես մտահոգիչ են գենդերահաստատող առողջապահական ծառայությունների հասանելիության սահմանափակումները, գենդերային ինքնության հիմքով իրավական պաշտպանության երաշխիքների թուլացումը և քաղաքացիական հասարակության գործունեության նկատմամբ աճող սահմանափակումները։
Տրանս անձանց առողջապահական ծառայություններից, իրավական պաշտպանությունից և անվտանգ միջավայրից օգտվելու հնարավորությունների սահմանափակումը մեծացնում է նրանց խոցելիությունը՝ հատկապես ազատությունից զրկված, սոցիալապես անապահով և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց շրջանում։
Թուրքիայում շարունակվող հակաԼԳԲՏԻ+ քաղաքական հռետորաբանությունը, իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ իրավական ճնշումները և տրանս անձանց թիրախավորող իրավապահ գործողությունները ևս լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
2026 թվականի ընթացքում արձանագրված ձերբակալությունները, ԼԳԲՏԻ+ կազմակերպությունների գործունեության սահմանափակմանն ուղղված նախաձեռնությունները և իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ հաղորդումները հարցեր են առաջացնում միավորումների ազատության, անձնական կյանքի անձեռնմխելիության և խտրականությունից պաշտպանության միջազգային պարտավորությունների պահպանման առնչությամբ։
Հայաստանում նույնպես պահպանվում են էական օրենսդրական և ինստիտուցիոնալ բացեր։
2026 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում պաշտպանվող հատկանիշների շարքում գենդերային ինքնության և գենդերային արտահայտման հստակ ամրագրման բացակայությունը մտահոգություն է առաջացնում տրանս անձանց արդյունավետ իրավական պաշտպանության տեսանկյունից։
Միաժամանակ, Հայաստանում շարունակում է բացակայել անձի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված գենդերի իրավական ճանաչման հստակ, մատչելի և ոչ խտրական ընթացակարգերը։
Մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը պետք է ապահովի բոլոր անձանց հավասար պաշտպանությունը՝ առանց որևէ խմբի նկատմամբ բացառությունների կամ իրավական անորոշության։
Տարածաշրջանային այս զարգացումները վկայում են, որ հակագենդերային շարժումների ազդեցությունը կարող է դուրս գալ հանրային բանավեճի շրջանակներից և արտահայտվել օրենսդրական սահմանափակումներով, իրավապաշտպան գործունեության խոչընդոտմամբ և խտրականության նկատմամբ հանդուրժողականության աճով։
Ուստի պետությունների պատասխանատվությունն է ապահովել, որ քաղաքական, մշակութային կամ հասարակական քննարկումները չհանգեցնեն մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման կամ որևէ խմբի նկատմամբ բռնության և ատելության արդարացման։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կոչը
Հիմք ընդունելով Հայաստանում և տարածաշրջանում տրանս անձանց իրավունքների պաշտպանության առկա իրավիճակը, միջազգային մարդու իրավունքների չափանիշները և կազմակերպության բազմամյա փաստագրման արդյունքները՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ազգային ժողովին և իրավասու պետական մարմիններին՝
- Ապահովել «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» համապարփակ օրենքի ընդունումը՝ պաշտպանվող հատկանիշների շարքում հստակ ամրագրելով գենդերային ինքնությունն ու գենդերային արտահայտումը։
- Մշակել և ներդնել գենդերի իրավական ճանաչման հստակ, մատչելի և ոչ խտրական ընթացակարգ՝ հիմնված անձի ինքնորոշման, անձնական կյանքի անձեռնմխելիության և ֆիզիկական ու հոգեկան ինքնավարության սկզբունքների վրա։
- Ապահովել ատելության շարժառիթով հանցագործությունների արդյունավետ, անկողմնակալ և բազմակողմանի քննությունը, պատշաճ իրավական որակումը և պատասխանատու անձանց նկատմամբ օրենքով սահմանված միջոցների կիրառումը։
- Ներդնել տրանս անձանց նկատմամբ բռնության, խտրականության և ատելության շարժառիթով հանցագործությունների վերաբերյալ առանձնացված տվյալների հավաքագրման և հրապարակման արդյունավետ մեխանիզմներ՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները։
- Երաշխավորել տրանս անձանց, ներառյալ սեքս-աշխատողների, ազատությունից զրկված և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց անվտանգությունը, ինչպես նաև առողջապահական, սոցիալական և իրավական ծառայությունների հավասար հասանելիությունը։
Վրաստանի պետական մարմիններին՝
- Վերանայել տրանս անձանց իրավունքները սահմանափակող օրենսդրական դրույթները և ապահովել դրանց համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին։
- Վերականգնել գենդերային ինքնության և գենդերային արտահայտման հիմքով խտրականությունից արդյունավետ իրավական պաշտպանության երաշխիքները։
- Ապահովել գենդերահաստատող առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հորմոնալ թերապիայի շարունակական և ոչ խտրական հասանելիությունը։
- Երաշխավորել ազատությունից զրկված տրանս անձանց անվտանգությունը, արժանապատիվ վերաբերմունքը և անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը։
- Ապահովել իրավապաշտպան կազմակերպությունների անկախ և անխոչընդոտ գործունեությունը, ինչպես նաև կատարել մարդու իրավունքների միջազգային դատական և մոնիթորինգային մարմինների համապատասխան հանձնարարականներն ու պարտադիր որոշումները։
Թուրքիայի Հանրապետության իշխանություններին՝
- Դադարեցնել տրանս անձանց և ԼԳԲՏԻ+ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ խտրական ու անհամաչափ սահմանափակումների կիրառումը։
- Երաշխավորել խաղաղ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատությունները՝ միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան։
- Վերանայել Kaos GL-ի, SPoD-ի և այլ իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության սահմանափակմանն ուղղված վարույթները և ապահովել իրավապաշտպանների գործունեության համար անվտանգ միջավայր։
- Ապահովել, որ որևէ անձ չենթարկվի ձերբակալման, քրեական հետապնդման կամ այլ սահմանափակումների բացառապես իր գենդերային ինքնության, գենդերային արտահայտման կամ մարդու իրավունքների խաղաղ պաշտպանության պատճառով։
Լրատվամիջոցներին և հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝
- Զերծ մնալ տրանս անձանց նկատմամբ ատելություն, թշնամանք և խտրականություն հրահրող խոսքի տարածումից կամ դրա վերարտադրումից։
- Ապահովել տրանս անձանց վերաբերող հարցերի փաստահեն, հավասարակշռված և պատասխանատու լուսաբանում՝ հարգելով յուրաքանչյուր անձի արժանապատվությունը, ինքնությունը և անձնական կյանքի գաղտնիությունը։
- Խուսափել խարանող, ապամարդկայնացնող և ապակողմնորոշող ձևակերպումներից, ինչպես նաև այնպիսի կարծրատիպերի վերարտադրումից, որոնք կարող են նպաստել տրանս անձանց նկատմամբ հասարակական թշնամանքի խորացմանը։
- Նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ մարդու իրավունքների, հավասարության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա։
Միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և ֆինանսավորող կառույցներին՝
- Շարունակաբար մշտադիտարկել և փաստագրել Հայաստանում և տարածաշրջանում տրանս անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումները՝ դրանք ներառելով միջազգային զեկույցներում, գնահատականներում և պետական մարմինների հետ երկխոսության օրակարգերում։
- Ամրապնդել համագործակցությունը տրանս անձանց կողմից ղեկավարվող համայնքահեն կազմակերպությունների, անկախ իրավապաշտպանների, ակտիվիստների և համայնքային խմբերի հետ։
- Ապահովել երկարաժամկետ և ճկուն ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրանս անձանց իրավունքների պաշտպանության, իրավական օգնության, հոգեբանական աջակցության, անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նախաձեռնություններին։
- Պետությունների հետ երկկողմ և բազմակողմ երկխոսության շրջանակներում հետևողականորեն բարձրաձայնել տրանս անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները և նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունմանն ու արդյունավետ կիրառմանը։
- Խթանել պետությունների հաշվետվողականությունը և աջակցել տրանս համայնքների լիարժեք մասնակցությանը նրանց իրավունքներին առնչվող որոշումների կայացման գործընթացներում։
Մեր հանձնառությունը
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն վերահաստատում է, որ տրանս անձանց իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության անբաժանելի մասն է։
Որևէ անձի գենդերային ինքնությունը կամ գենդերային արտահայտումը չի կարող հիմք հանդիսանալ նրա կյանքի, անվտանգության, ազատության, առողջության, կրթության, աշխատանքի կամ արժանապատիվ ապրելու իրավունքների սահմանափակման համար։
Պետության պարտավորությունը միայն բռնության առանձին դեպքերին արձագանքելը չէ, այլ նաև այնպիսի իրավական, համակարգային և հասարակական միջավայրի ապահովումը, որտեղ խտրականությունը կանխարգելվում է, իրավախախտումները՝ արդյունավետ քննվում, իսկ յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքները՝ հավասարապես պաշտպանվում։
Այսօր մենք հիշում ենք բռնության և խտրականության հետևանքով կորցրած կյանքերը և վերահաստատում մեր համերաշխությունը տրանս համայնքի, զոհերի ընտանիքների և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող բոլոր անձանց հետ։
«Իրավունքի Կողմ» ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը Հայաստանում և տարածաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների փաստագրմանը, տրանս անձանց իրավական և սոցիալ-հոգեբանական պաշտպանությանը, միջազգային համագործակցության ամրապնդմանը և համակարգային փոփոխությունների առաջմղմանը։
Մարդու իրավունքները համընդհանուր են և անօտարելի։ Դրանց պաշտպանությունը չի կարող կախված լինել անձի գենդերային ինքնությունից, հասարակական ընդունելիությունից կամ քաղաքական հանգամանքներից։
Տրանս անձանց հիշատակը հարգելու կարևորագույն ճանապարհներից մեկը կենդանի մարդկանց իրավունքների, անվտանգության և արժանապատվության արդյունավետ պաշտպանությունն է։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
20 նոյեմբերի, 2026 թ. | Երևան, Հայաստանի Հանրապետություն