
«Հզորանալ և ազդել» ինֆլուենսերների հանդիպում

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց արտագնա կրթական հանդիպում, որի նպատակն էր ԼԳԲՏԻՔ+ սկսնակ ինֆլուենսերներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ համայնքի պատմությունները լսելի դարձնելու, հանրային դաշտում համայնքի տեսանելիությունը բարձրացնելու և հակագենդերային քարոզչությանը արձագանքելու համար։
Հանդիպմանը մասնակցեցին ութ ինֆլուենսերներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք հնարավորություն ունեցան ուսումնասիրել ԼԳԲՏԻՔ+ շարժման պատմությունը, հակագենդերային շարժումները և դրանց հակազդման մեխանիզմները, ինչպես նաև սոցիալական մեդիայում ատելության խոսքին գրագետ և արդյունավետ արձագանքելու ձևերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին․
- ԼԳԲՏԻՔ+ շարժման պատմությունը և դրա փուլերը,
- փոխկապակցվածության (intersectionality) սկզբունքը՝ ինչպես են հատվում տարբեր ճնշումները,
- սոցիալական մեդիայում ատելության խոսքին գրագետ և արդյունավետ արձագանքելու գործիքները։
Հատուկ ուշադրություն դարձվեց գործնական վարժանքներին, որոնց ընթացքում ինֆլուենսերները մշակեցին իրենց կոնտենտի տարբերակները։ Քննարկվեցին նաև տարբեր մեդիա հարթակների կիրառման առանձնահատկությունները, թե ինչպիսի լեզու և ոճ պետք է օգտագործել առավել ազդեցիկ լսարանին հասնելու համար։
Բացի մասնագիտական գիտելիքներից, հանդիպումը ձևավորեց վստահության մթնոլորտ, որտեղ մասնակիցները կիսվեցին իրենց անձնական փորձերով ու զգացմունքներով։ Շատերի համար սա դարձավ նաև ինքնարտահայտման կարևոր փորձառություն՝ հնարավորություն տալով բարձրաձայնել իրենց պատմությունները։
Սույն հանդիպումը ցույց տվեց, որ սկսնակ ինֆլուենսերները կարող են կարճ ժամանակում դառնալ ազդեցիկ բովանդակություն ստեղծողներ, եթե ունենան համապատասխան աջակցություն և գիտելիքներ։ Այս միջոցառումը դարձավ այն հարթակը, որտեղ ձևավորվեցին նոր ձայներ, որոնք ապագայում կշարունակեն բարձրացնել համայնքի տեսանելիությունը, կնպաստեն հասարակության իրազեկմանը և կնվազեցնեն ԼԳԲՏԻՔ+ անձանց շուրջ առկա կարծրատիպերը։
Մասնակիցների ստեղծած աշխատանքներին կծանոթանաք շուտով։