Իրավունքի կողմ ՀԿ-ի իրավաբանական բաժանում առկա գործերի վերաբերյալ 2024թ-ի մահիս ամսվա ամփոփագիր

2024 թվականի մայիս ամսին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից տրամադրվել է խորհրդատվություն թվով 34 շահառուի։ Իրավաբանական խորհրդատվությունները վերաբերել են հետևյալ ոլորտներին՝

  • պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման ստացում,
  • անձնագրի փոփոխում,
  • ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման կարգ և ժամկետներ,
  • գումարի բռնագանձում,
  • ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակի, փախստականի կարգավիճակի ստացում,
  • անձի սեռական անձեռնմխելության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ,
  • ընտանեկան բռնություններ/զուգընկերոջ կողմից բռնության սպառնալիքներ,
  • ՀՀ իրավապահ մարմիններում անձի գույքի ապօրինի պահում,
  • ընտանեկան հարաբերություններ/երեխաների խնամակալություն,
  • վարչական իրավախախտումներ, տուգանքների բողոքարկում,
  • գործերի ընթացքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում,
  • քրեական գործով՝ տուժողի, մեղադրյալի իրավունքներին վերաբերող հարցեր, իրավապահ մարմինների իրավունքներ և պարտականություններ,
  • իրավական այլ հարցեր։

2024թ․-ի մայիս ամսին կազմակերպություն ստացվել է  նոր 5 դիմում։ Կազմակերպության փաստաբանը երկու նոր քրեական գործով ներգրավվել է որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ։ 

 «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանների կողմից ապահովվել է կազմակերպությունում առկա գործերի ընթացիկ սպասարկումը, մասնավորապես՝ փաստաբանները մասնակցել են 4 դատական նիստի, 3 քննչական գործողությունների։

Մանրամասներ մի քանի գործերի վերաբերյալ

Դեռևս 2024թ․-ի ապրիլին «Իրավունքի կողմ» ՀԿ-ին է դիմել օտարերկրյա քաղաքացի, նույնասեռական տղամարդը և հայտնել, որ մեկ ամիս առաջ դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ՀՀ-ում կացության մշտական կարգավիճակ ստանալու համար, սակայն սահմանված ժամկետում պատասխան չի ստացել։ Դիմողը տեղեկացրեց նաև, որ կացության կարգավիճակի ստացումը հրատապ է, քանի որ այն պետք է ներկայացնի դեսպանատուն՝ վիզա ստանալու համար, ուստի կացության կարգավիճակի ստացումը անհրաժեշտ է կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Կազմակերպության փաստաբանը շահառուի հետ այցելել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ուր բանավոր ստացել է տեղեկատվություն, որ վարչական վարույթի ժամկետը ևս 30 օրով երկարաձգվել է։

Նույն օրը գրություն է ուղարկվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ վարչական մարմնի կողմից ժամկետները վերանայելու և գործին հնարավորինս արագ ընթացք տալու համար։ Միևնույն ժամանակ գրություն է ուղարկվել ՀՀ ԱԱԾ-ին՝ օրենքով սահմանված կարգով օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու հարցի վերաբերյալ իր համաձայնության կամ առարկության վերաբերյալ տեղեկատվությունը առավել սեղմ ժամկետներում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ուղարկելու համար: Արդյունքում հնարավոր եղավ, որպեսզի դիմողը երկամսյա ժամկետը լրանալուց առավել շուտ ՀՀ-ում ստանա կացության կարգավիճակ, ինչպես նաև՝ դեսպանատան կողմից վիզա։

***

2024թ-ի մայիսին կազմակերպության է դիմել տրանգեսնդեր կինը և հայտնել, որ առկա է դատական ակտ՝ գումարի բռնագանձման վերաբերյալ, համաձայն որի ՀՀ ապահովագրողների բյուրոն իր հանդեպ ունի ապագովագրական հատուցման չմարված գումարի պարտավորություն։ Կատարողական վարույթի ընթացքում՝ Հարկադիր կատարման ծառայության հաշվեհամարին է փոխանցել վարույթով նշված գումարը, սակայն, ինչպես պարզվել է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյից, փոխանցված գումարը երկու անգամ գերազանցել է պարտավորության չափը։ Կազմակերպության փաստաբանի կողմից կազմվել է գրություն ՀԿԱ ծառայությանը, որով խնդրել ենք հաշվարկված ավել գումարը հետ փոխանցել շահառուի կողմից նշված հաշվեհամարին։ Արդյունքում, մի քանի օր անց, տրանգեսնդեր կինը հետ է ստացել իրենից ավել գանձված գումարը։

***

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դեռևս 2023 թվականին անդրադարձել էր տրանսգենդեր կնոջ՝ Դ․-ի դեպքին, երբ հունիսի ամսին, ոմն Ս․Ք․-ը հարձակվել էր տրանսգենդեր կին Դ․-ի վրա վերջինիս բնակարանում և դաժաբար ծեծել, դանակի կիրառման սպառնալիքով՝ հափշտակել տրանսգենդեր կնոջ բջջային հեռախոսը։

Դեպքից հետո տրանսգենդեր կինը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, տրանսգենդեր կինը ճանաչվել էր տուժող։ 

 «Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանը ներգրավել էր վարույթով և ապահովել տուժողի ներկայացուցչությունը վարույթի ընթացքում։

Շուրջ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջովին հիմնավորվել է Ս․Ք․-ի մեղսակցությունը կատարված արարքին։

2024թ․ մայիսի 3-ին քննիչի կողմից հայտարարվել է նախաքննության ավարտ և վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայր։

***

2024թ-ի մայիսին կազմակերպությանը դիմել էր նույնասեռական կինը և հայտնել, որ ենթարկվել է բռնաբարության, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Կազմակերպության փաստաբանի հետ՝ ներկայացել են վարույթն իրականացնող մարմին, որտեղ փաստաբանի ներկայությամբ բացատրություն է ներկայացրել։ Փաստաբանի կողմից վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել նաև միջնորդություններ։

 

24-01-2024
Կիսվել