«Իրավունքի Կողմ» ՀԿ-ն անցկացրել է ԼԳԲՏԻՔ+ համայնքի մարզային ցանցերի ամրապնդման հանդիպում

Սույն թվականի օգոստոսի 15-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «ԼԳԲՏԻՔ համայնքի մարզային ցանցերի ամրապնդման հանդիպում», որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում բնակվող, ինչպես նաև ապաստան հայցող և փախստական ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր ստեղծել անվտանգ և ներառական միջավայր, որտեղ մասնակիցները կարող էին բարձրաձայնել իրենց կարիքներն ու խնդիրները, կիսվել փորձով, ձևավորել նոր կապեր և միասին քննարկել մարզերում ԼԳԲՏԻՔ+ համայնքային ցանցերի զարգացման ու փոխաջակցության ամրապնդման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձան մարզաբնակ ԼԳԲՏԻՔ+ անձանց առջև ծառացած խնդիրներին և մարտահրավերներին։ Քննարկվեցին խտրականության և սոցիալական մեկուսացման դեպքերը, անվտանգ միջավայրերի սահմանափակ հասանելիությունը, իրավական, սոցիալական և հոգեբանական աջակցության ստացման դժվարությունները, ինչպես նաև համայնքային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։

Մասնակիցները հատկապես կարևորեցին այն հանգամանքը, որ ԼԳԲՏԻՔ+ համայնքին ուղղված ծառայություններն ու նախաձեռնությունները չպետք է կենտրոնացած լինեն միայն Երևանում։ Մարզերում բնակվող անձանց համար հաճախ ավելի սահմանափակ են ինչպես մասնագիտացված ծառայությունները, այնպես էլ անվտանգ համայնքային տարածքներին, տեղեկատվությանը և փոխաջակցության ցանցերին հասանելիությունը։

Գեղարքունիքի մարզից ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներից մեկը, խոսելով «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի մարզային աշխատանքի կարևորության մասին, նշեց․

«Ինձ դուր է գալիս, որ այս տարիների ընթացքում «Իրավունքի Կողմ»-ը չի կենտրոնանում միայն Երևանում ապրող ԼԳԲՏԻՔ+ համայնքի վրա, այլ իր աշխատանքներում ուշադրություն է դարձնում նաև մարզաբնակ ԼԳԲՏԻՔ+ համայնքին՝ տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն»։

ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստ, Գեղարքունիքի մարզ

Հանդիպման կարևոր ուղղություններից էր նաև մարզերում համայնքային ցանցերի զարգացումը։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչ մեխանիզմներով կարելի է ամրապնդել մարզաբնակ ԼԳԲՏԻՔ+ անձանց միջև կապերը, զարգացնել փոխադարձ աջակցության հնարավորությունները, բարելավել տեղեկատվության փոխանակումը և խթանել համայնքի անդամների առավել ակտիվ ներգրավվածությունը։

Արարատի մարզից ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներից մեկը կարևորեց նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ մարզում բնակվող համայնքի անդամների համար դրանք նաև միմյանց ճանաչելու և մեկուսացվածությունը հաղթահարելու հնարավորություն են։

«Մարզում ապրելով՝ երբեմն կարող ես քեզ կտրված զգալ համայնքից։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս ճանաչել այլ մարդկանց, կիսվել մեր փորձով ու խնդիրներով և նոր կապեր ստեղծել։ Շատ կարևոր է, որ նման հանդիպումները շարունակական լինեն և մարզաբնակ ԼԳԲՏԻՔ+ մարդիկ զգան, որ իրենք համայնքի ակտիվ մասն են»։

ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստ, Արարատի մարզ

Առանձին ուշադրություն դարձվեց նաև ապաստան հայցող և փախստական ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավիճակին։ Մասնակիցները քննարկեցին այն լրացուցիչ մարտահրավերները, որոնց կարող են բախվել հարկադիր տեղահանված կամ Հայաստանում ապաստան հայցող ԼԳԲՏԻՔ+ անձինք՝ սկսած սոցիալական և լեզվական խոչընդոտներից մինչև ծառայությունների, տեղեկատվության և աջակցող համայնքային միջավայրի հասանելիություն։

Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև այն սկզբունքը, որ մարզաբնակ ԼԳԲՏԻՔ+ անձանց վերաբերող ծրագրերն ու նախաձեռնությունները պետք է մշակվեն հենց համայնքի անդամների անմիջական մասնակցությամբ՝ հաշվի առնելով տարբեր մարզերում առկա առանձնահատկությունները, կարիքներն ու առաջնահերթությունները։

Հանդիպումը մասնակիցների համար դարձավ ոչ միայն խնդիրների և կարիքների բարձրաձայնման, այլև նոր գաղափարների, համագործակցության և հետագա համատեղ նախաձեռնությունների քննարկման հարթակ։

«Իրավունքի Կողմ» ՀԿ-ն շարունակելու է ընդլայնել իր աշխատանքը Հայաստանի մարզերում՝ նպաստելով ԼԳԲՏԻՔ+ համայնքային ցանցերի ձևավորմանն ու ամրապնդմանը, համայնքի անդամների միջև փոխաջակցության զարգացմանը և անհրաժեշտ ծառայությունների հասանելիության բարձրացմանը։

Կազմակերպության համար կարևոր է, որ ԼԳԲՏԻՔ+ անձինք, անկախ իրենց բնակության վայրից, հնարավորություն ունենան ստանալու անհրաժեշտ աջակցություն, մասնակցելու համայնքային կյանքին և իրենց ձայնն ու փորձառությունը ներկայացնելու իրենց վերաբերող գործընթացներում։

17-08-2026
Կիսվել