«Իրավունքի կողմ» ՀԿ-ն շարունակում է համայնքի կրթությանն ու հզորացմանն ուղղված միջոցառումները
2026 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրել է մի շարք կրթական և համայնքային միջոցառումներ, որոնք ուղղված էին տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների հզորացմանը, կրթական հնարավորությունների ընդլայնմանը և համայնքի ներսում վստահության ու համագործակցության միջավայրի ձևավորմանը։
Կազմակերպությունը շարունակել է անցկացնել անգլերեն լեզվի դասընթացներ՝ ուղղված տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների հաղորդակցական կարողությունների և լեզվական հմտությունների զարգացմանը։ Այս ժամանակահատվածում անցկացվել է երեք դաս, որոնց մասնակցել են համապատասխանաբար 9, 8 և 12 համայնքի ներկայացուցիչներ։ Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարելավելու իրենց անգլերեն լեզվի գիտելիքները, զարգացնելու առօրյա և գործնական հաղորդակցության հմտությունները, ինչը կարող է նպաստել ինչպես նրանց կրթական զարգացմանը, այնպես էլ նոր մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը։
Փետրվարի 1-ին կազմակերպվել է համայնքային քննարկում, որի հիմնական նպատակն էր ստեղծել բաց և անվտանգ միջավայր սեքս աշխատողների և համայնքի այլ անդամների միջև ծանոթության, փորձի փոխանակման և երկխոսության համար։ Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց պատմություններով, բարձրաձայնել իրենց մտահոգությունները և քննարկել հասարակության մեջ առկա կարծրատիպերը։ Քննարկումը նպաստել է փոխըմբռնման խորացմանը և համայնքային կապերի ամրապնդմանը։
Մարտի 19-ին համայնքային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում սեքս աշխատողների և նրանց աջակիցների հետ։ Մասնակիցներն անդրադարձել են բազմազանության և ներառականության կարևորությանը, քննարկել սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերը, ինչպես նաև խտրականության և բռնության դեմ պայքարի հնարավոր ուղիները։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությանը, իրավական պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի ներգրավվածության և աջակցման արդյունավետ ձևերին։ Քննարկմանը մասնակցել է տասը համայնքի ներկայացուցիչ և աջակից, որոնց ակտիվ ներգրավվածությունը ստեղծել է վստահության և բաց երկխոսության միջավայր։
Իրականացված միջոցառումները կարևոր քայլ են համայնքի ներսում կրթության խթանման, փոխաջակցության ամրապնդման և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը՝ նպաստելով ավելի ներառական, անվտանգ և հավասար հնարավորություններով հասարակության ձևավորմանը։