Լիլիթ Մարտիրոսյանը հանդես է եկել որպես խոսնակ Եվրոպայի խորհրդի «Ոստիկանության արձագանքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործություններին» վերապատրաստմանը

2025 թվականի նոյեմբերի 8-ին և 9-ին Դիլիջանում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված վերապատրաստում՝ «Ոստիկանության արձագանքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործություններին. վերապատրաստման ծրագիր՝ ոստիկանության ծառայողների արհեստավարժ աշխատանքն ապահովելու համար» թեմայով։

Վերապատրաստման նպատակն էր զարգացնել ոստիկանության կարողությունները՝ ՍԿԳԻ-ի (սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմքով ատելության հանցագործությունների հայտնաբերման, քննության և կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել արդար, հավասար և հարգալից ծառայություն բոլոր քաղաքացիների համար։

Միջոցառման ընթացքում որպես խոսնակ հանդես է եկել «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Իր ելույթում նա ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և 2024 թվականի հունվարից և 2025 թվականի հոկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված ՍԿԳԻ-ի հիմքով ատելության հանցագործությունների դեպքերի ու իրավական գործերի ամփոփ պատկերը, ընդգծելով դրանց ազդեցությունը տրանս և ԼԳԲԻՔ համայնքի վրա։ Նա ներկայացրեց կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները, իրավական աջակցության հիմնական ուղղությունները, իրավական պաշտպանական մեխանիզմների արդյունավետության հարցերը, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքի դրական միտումները և առկա բացերը։

Լիլիթ Մարտիրոսյանը նաև պատասխանեց իրավապահ համակարգի ներկայացուցիչների հարցերին, ներկայացնելով իր դիտարկումները ՍԿԳԻ-ի հիմքով ատելության հանցագործությունների քննության առանձնահատկությունների վերաբերյալ։

Վերապատրաստման ընթացքում ելույթ ունեցան նաև «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի գործընկեր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին  իրենց կողմից արձանագրված ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ՍԿԳԻ-ի հիմքով խտրականության և ատելության հանցագործությունների դեպքերը։

Լիլիթ Մարտիրոսյանը շեշտադրեց իրավապահ համակարգի աշխատանքի, համագործակցության և ԼԳԲՏԻՔ համայնքին ցուցաբերվող աջակցության կարևորությունը, ընդգծելով, որ փոխադարձ վստահությունն ու մասնագիտական պատրաստվածությունը հիմնարար նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ապահովման գործում։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպայի խորհրդին՝ վերապատրաստումը կազմակերպելու, համագործակցության հարթակ տրամադրելու և ոլորտում մասնագիտական կարողությունների ամրապնդման գործում ունեցած աջակցության համար։

Վերապատրաստումը դարձավ փորձի, գիտելիքների և լավագույն մեթոդների փոխանակման կարևոր հնարավորություն՝ ուղղված այնպիսի իրավական համակարգի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ պաշտպանված է ինքնության, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունից ու բռնությունից

10-11-2025
Կիսվել