Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի ղեկավար կոմիտեի նիստին Երևանում

Իրավունքի կողմ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստին», ինչպես նաև «ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023–2027» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպմանը։

Միջոցառման ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության փորձը և դրա ազդեցությունը Հայաստանում ԼԳԲՏԻՔ անձանց, հատկապես տրանս համայնքի իրավունքների պաշտպանության վրա։

Ելույթում շեշտվել է, որ Հայաստանում տրանս անձինք շարունակում են բախվել խտրականության, բռնության և սոցիալական մեկուսացման, և նման համագործակցությունները կարևոր են, որպեսզի միջազգային չափանիշները վերածվեն ազգային քաղաքականությունների և գործնական փոփոխությունների։ Նշվել է նաև Եվրոպայի խորհրդի ծրագրերի կարևոր դերը՝ տարբեր դերակատարների՝ պետական մարմինների, իրավապահ համակարգի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության ամրապնդման գործում, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների զարգացման հարցում։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ իրականացվող վերապատրաստումներին, որոնք նպաստում են ավելի զգայուն և արդյունավետ արձագանքի ձևավորմանը խոցելի խմբերի նկատմամբ։

Քննարկումները կենտրոնացած էին Հայաստանի համար հաջորդ գործողությունների ծրագրի առաջնահերթությունների վրա՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդարադատության բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը և խոցելի խմբերի աջակցությունը։

Իրավունքի կողմ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Եվրոպայի խորհրդին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին հրավերի, համագործակցության և ԼԳԲՏԻՔ համայնքի հարցերը տարբեր օրակարգերում հետևողականորեն ներառելու համար։

Մենք հանձնառու ենք շարունակել մեր աշխատանքը՝ ուղղված ԼԳԲՏԻՔ համայնքի իրավունքների պաշտպանության, հավասարության խթանման և ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

16-04-2026
Կիսվել