Անվտանգության և ճգնաժամերի կառավարման դասընթաց-վերապատրաստում թիմի անդամների համար

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր անվտանգության և ճգնաժամերի կառավարման թեմայով դասընթաց-վերապատրաստում՝ նախատեսված կազմակերպության թիմի անդամների համար։

Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները՝ տարբեր սպառնալիքների պայմաններում արագ կողմնորոշվելու, ռիսկերն արդյունավետ գնահատելու և ճգնաժամային իրավիճակներին համակարգված արձագանքելու ուղղությամբ՝ միաժամանակ ամրապնդելով կազմակերպության ընդհանուր դիմակայունությունը։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեց անվտանգությանն առնչվող հիմնական սպառնալիքները՝ ներառյալ ֆիզիկական, թվային և ինստիտուցիոնալ ռիսկերը, ինչպես նաև դրանց առաջացման հավանական սցենարները և ազդեցության մակարդակը։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում հնարավոր ցնցումներին դիմակայելու, հակագենդերային շարժումներից բխող ռիսկերին արձագանքելու, ինչպես նաև խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպությունների նկատմամբ թիրախավորման դեպքերին։

Միևնույն ժամանակ մասնակիցներին տրամադրվեց գործնական հմտություններ և գործիքներ՝ ուղղված այդ սպառնալիքների կանխարգելմանը, նվազեցմանը և ճգնաժամային իրավիճակներում անվտանգ և համակարգված գործելակերպի ապահովմանը։ Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արագ արձագանքման մեխանիզմներին, որոշումների կայացման գործընթացին և թիմային համակարգման կարևորությանը։

Գործնական վարժանքների և սիմուլյացիոն իրավիճակների միջոցով թիմը  հնարավորություն ստացավ կիրառել ստացված գիտելիքները հնարավոր իրական իրավիճակների սցենարների շրջանակում՝ զարգացնելով արագ կողմնորոշվելու և արդյունավետ արձագանքելու հմտությունները։ Վերապատրաստումը նպաստել էր կազմակերպության անվտանգության մակարդակի բարձրացմանը և աճող ճգնաժամերին առավել պատրաստ ու համակարգված դիմակայելուն։  

06-05-2026
Կիսվել