Նոր ռազմավարական դատավարություն գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ռազմավարական դատավարության շրջանակում, իր վստահորդի՝ տրանսգենդեր կին Կ․Ղ․-ի անունից ներկայացրել է հայցադիմում ՀՀ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության դեմ՝ պահանջով փոփոխել ծննդյան ակտային գրանցման մեջ սեռի վերաբերյալ արական գրառումը իգական գրառմամբ։

Հայցադիմումն ընդունվել է ՀՀ վարչական դատարանի վարույթ և դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն նաև մեկ այլ նմանատիպ դատական գործի շրջանակում դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կ․Ա․ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով։

Նշված գործերի համատեքստում կազմակերպությունը, ռազմավարական դատավարության միջոցով, նպատակ ունի խթանել գենդերի իրավական ճանաչմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները՝ ի նպաստ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությանը։

Սեռի իրավական նշման փոփոխման մերժումը խաթարում է տրանս անձանց արժանապատվությունը՝ ստիպելով նրանց ամեն օր ներկայանալ մի  սեռով, որը չի համընկնում իրենց ինքնության կամ արտահայտման հետ։  

21-04-2025
Կիսվել