
Տարածաշրջանային աշխատաժողով ՝ «Համայնք և ակտիվիզմ» թեմայով

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի հունիսի 27-ից 29-ը իրականացրեց «Համայնք և ակտիվիզմ» եռօրյա աշխատաժողովը Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստների և ՀԿ ներկայացուցիչների համար։
Հանդիպում-քննարկման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում, խթանել համայնքի ակտիվ ներգրավվածությունը հկ-ների աշխատանքներում՝ Հայաստանում ժողովրդավարության և հավասարության ամրապնդման համար:
Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցները Zoom հարթակի միջոցով կապ հաստատեցին Վրաստանում գործող Թբիլիսի փրայդ ՀԿ-ի և Ուկրաինայում գործող ԷյջՓիԷլՋիԲիԹի ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցների հետ։
Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց գործընկեր կազմակերպություններին և հավելեց, որ տարածաշրջանային ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ամրապնդելու ուժեղ և կայուն գործընկերային հարաբերություններ, որպեսզի մեր աշխատանքների արդյունքնում տարածաշրջանում ապահովվի ԼԳԲՏԻՔ անձանց անվտանգությունը, բարօրությունը և ապահովությունը։ Բացման խոսքով հանդես եկան նաև Թբիլիսի փրայդ ՀԿ-ի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Թամազ Սոսաշվիլին և ԷյջՓիԷլՋիԲիԹի ՀԿ-ի նախագահ և ծրագրերի ղեկավար Իգոր Մեդվեդը։
Օնլայն հարթակի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, կիսվեցին իրենց ստացած գիտելիքներով և փորձով, այնուհետև շնորհակալություն հայտնեցին հանդիպումը կազմակերպելու համար, որը ավելի է բարձրացնում նրանց տեղեկացվածության և ակտիվիզմի մեջ ներգրավված լինելու մակարդակը։
Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ֆոնդահայթայթման, միջազգային փոխանակման ծրագրերի և ԼԳԲՏԻՔ անձանց այդ ծրագրերում ներառելու հնարավորությունների վերաբերյալ։ Տեսական գիտելիքներից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի և սկսեցին կատարել գործնական առաջադրանքներ, որոնք ուղղված էին ծրագրային հայտեր ներկայացնելուն՝ հաշվի առնելով ԼԳԲՏԻՔ անձանց կարիքները և պահանջները։ Շարունակելով աշխատաժողովը՝ օրվա երկրորդ կեսին Լիլիթ Մարտիրոսյանը մասնակիցների հետ քննարկեց ակտիվիզմի հեռանկարները, ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիները Հայաստանում և տարածաշրջանում։ Օրվա ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստացած գիտելիքների հիման վրա մշակած ծրագրային առաջարկները, որոնք հետագայում կներկայացվի ֆինանսավորման։
Հանդիպման վերջին օրը մասնակիցները քարտեզագրեցին համագործակցության բոլոր հնարավոր եղանակները, շնորհակալություն հայտնեցին ֆինանսավորողներին և կազմակերպիչներին նման հնարավորության համար, որտեղ կարող են ձեռք բերել գիտելիքներ՝ ուղղված ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի որակի բարելավմանը, իրավահավասար և ապահով միջավայրի ստեղծմանը։
Աշխատաժողովի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար, ապա հավելեց, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և անելու է ամեն ինչ, որպեսզի Տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձինք ապրեն ներդաշնակ և ապահով կյանքով։
Աշխատաժողովն իրականացվել է ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ԱլԳ երկրներում ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում ակտիվիզմի կառուցում» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի, Վրաստանում գործող «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ի և Ուկրաինայում գործող «ԷյջՓիԷլՋիԲիԹի» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց կարողությունների մակարդակը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ջատագովության և առաջնորդության հմտությունների վերաբերյալ` ատելության խոսքի, ատելության հիմքով բռնությունների և խտրականության դեպքերի նվազեցման համար, քարոզչական մեխանիզմներով ապահովել համայնքի անվտանգությունն և բարեկեցությունը, խթանել ԼԳԲՏԻՔ շարժման ամրապնդումը` տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման համար:
Մեր գործընկերների կողմից կազմակերպված հանդիպման մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հղումներով.
- ԷյջՓիԷլՋիԲիԹի ՀԿ՝ https://www.hplgbt.org/news-id/22?fbclid=IwAR2tCQzvXK48xftV2kP478Ly8YcXVU22zrnzdIsvIw4no0FB3mKY1aOaNdk# :
- Թբիլիսի Փրայդ ՀԿ՝ https://tbilisipride.ge/en-US/News/Details/93 :
#Regional_LGBT_Activism, #BST_RS_HPLGBT_TbilisiPride_Cooperation
Հունիսի 20․ 2021 Հայաստան Երևան
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Հայաստանում երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց հավասարության խթանում՝ նպաստելով նրանց քաղաքացիական մասնակցությանը և պաշտպանելով նրանց իրավունքները» ծրագիրը, որի նպատակն է խթանել երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց քաղաքացիական մասնակցությունն ու սոցիալական ներառումը Հայաստանում՝ իրազեկվածության բարձրացման և շահերի պաշտպանության միջոցով։
Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Փոփոխության ձայնը» երիտասարդական ակադեմիայի ընդունելություն։ 7 օր տևողությամբ ակադեմիայի շրջանակներում 20 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
- ձեռք բերել գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման, առաջնորդության և ակտիվիզմի, շահերի պաշտպանության և քարոզարշավներ վարելու հմտությունների, ծրագրային առաջարկներ գրելու և ներկայացնելու վերաբերյալ,
- ստանալ անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետների կողմից՝ մշակված ծրագրերը ֆինանսավորման ներկայացնելու վերաբերյալ,
- փոխանակվել փորձով և գաղափարներով համայնքի այլ ներկայացուցիչների հետ,
- ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել քարոզարշավներ և իրականացնել հավասարը հավասարին կրթություն՝ #LGBTIQPeerPower խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, գործնական վարժությունների և խորհրդատվության միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 20 երիտասարդ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց անձնային աճը և քաղաքացիական ներգրավվածությունը:
Ծրագրին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել հավասարը հավասարին կրթություն, ներգրավվել ՀԿ աշխատանքներում և սկսել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրենց նախաձեռնությունները։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ օգոստոսի 5-ը
Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին
Ժամկետները՝ ս.թ. օգոստոսի 8-14-ը
Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ օգոստոսի 5-ը ներառյալ։
Ակադեմիայի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։
Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։
Հարգանքներով՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։
Կապ մեզ հետ՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 10 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com
Աշխատանքային ժամեր՝ 12:00-18:00
Կայք՝ http://rightsidengo.com/
#CFLIforEquality
#LGBTIQPeerPower