Թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության դասընթաց-վերապատրաստում թիմի անդամների համար
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության թեմայով դասընթաց-վերապատրաստում՝ նախատեսված կազմակերպության թիմի անդամների համար։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել թիմի անդամների իրազեկվածությունը թվային միջավայրում առկա սպառնալիքների վերաբերյալ, զարգացնել գործնական հմտություններ՝ անձնական տվյալների պաշտպանության, անվտանգ հաղորդակցության և թվային ինքնապաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել կազմակերպության դիմակայունությունը աճող թվային և տեղեկատվական ռիսկերին։
Դասընթացավարները մանրամասն ներկայացրեցին թվային անվտանգության հիմնական սպառնալիքները՝ ներառյալ ֆիշինգի, սոցիալական ինժեներիայի, տվյալների արտահոսքի և այլ կիբերհարձակումների մեխանիզմները։ Քննարկվել էին նաև այն ռիսկերը, որոնց բախվում են խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպությունները՝ ներառյալ թիրախավորված հարձակումները, ապատեղեկատվությունը և կեղծ նարատիվների տարածումը։
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանի համատեքստում կիբերանվտանգության վերաբերյալ տարածված կեղծ նարատիվների բարձր մակարդակին, ինչպես նաև նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում տեղեկատվական մանիպուլյացիաներին և հակագենդերային շարժումների շրջանակում իրականացվող թիրախավորմանը։ Այդ համատեքստում դասընթացը նպաստել էր մասնակիցների քննադատական մտածողության զարգացմանը և ավելի տեղեկացված որոշումների կայացմանը և պատրաստվածությանը։
Մասնակիցներին տրամադրվել էին գործնական գործիքներ և հմտություններ՝ իրենց թվային միջավայրի պաշտպանության համար՝ ներառյալ գաղտնաբառերի կառավարման մեթոդներ, երկքայլ նույնականացման կիրառում, անվտանգ հաղորդակցության գործիքների օգտագործում և տվյալների պաշտպանության սկզբունքներ։
Դասընթացը ներառում էր նաև գործնական քայլեր, որի ընթացքում մասնակիցները գնահատել էին իրենց սարքերի և հաշիվների անվտանգության մակարդակը, բացահայտել խոցելիությունները և մշակել դրանց նվազեցման քայլեր։ Վերապատրաստումը նպաստել էր կազմակերպության թվային անվտանգության ամրապնդմանը և դիմակայունության բարձրացմանը կիբեր և տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ։