
Տրանս կնոջը ծեծելու և հեռախոսը հափշտակելու գործով հարույթը մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

2023 թվականի հունիսի հունիսի 11-ին, երեկոյան ժամը 23։00-ից 24։00-ի ընկած ժամանակահատվածում, ոմն Ս․ Ք․-ը հարձակվել է տրանս կին Դ․-ի վրա իր իսկ բնակարանում և ենթարկել դաժան ծեծի։ Տղամարդը տրանս կնոջը գցել են գետնին և հարվածել նրա մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և կապտուկներ։ Ապա, դանակի կիրառման սպառնալիքով, հափշտակել է տրանս կնոջ բջջային հեռախոսը և հեռացել։
Դեպքից հետո տրանս կին Դ․-ն ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը ներգրավված է սույն գործի շրջանակներում և ապահովում է իրավական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական վարույթ և Դ-ն ճանաչվել էր տուժող։
Շուրջ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում կատարված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջովին հիմնավորվեց Ս․Ք․-ի մեղսակցությունը կատարված արարքին։
2024թ․ մայիսի 3-ին քննիչի կողմից հայտարարվեց նախաքննության ավարտ և վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է գենդերային հիմքով բռնությունը և հետամուտ է լինելու դեպքի ամբողջական բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամաբ բռնությունը հավերժացնող անպատժելիության մթնոլորտ՝ պայմանավորված թերի օրենսդրական կարգավորումներով, Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը քրեականացնող օրենքի բացակայությամբ և անկատար իրավակիրառ պրակտիկաներով, ինչը պարարտ հող է ստեղծել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ոտնձգությունների ու բռնության համար։
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը հետևողականորեն հավաքագրում և փաստագրում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեպքերը և ՀՀ ոստիկանությանը հորդորում պատշաճ հետաքննություն իրականացնել բռնարարներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։