Վերապատրաստում հոգեկան առողջության մասնագետների և նյարդաբանների համար․ ԼԳԲՏԻՔ+ զորակոչիկների իրավունքների և բարեկեցության պաշտպանության ուղղությամբ
2026 թվականի մայիսի 29-31-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Աղվերանում իրականացրեց եռօրյա մասնագիտական վերապատրաստում՝ «Զորակոչային տարիքի անձանց հետազոտություն և հոգեկան առողջության կլինիկական մոտեցումներ» թեմայով։ Վերապատրաստմանը մասնակցեցին հոգեկան առողջության ոլորտի 18 մասնագետներ՝ հոգեբույժներ, հոգեբաններ, հոգեթերապևտներ և նյարդաբաններ։
Վերապատրաստման հիմնական նպատակն էր զարգացնել մասնագետների գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ԳԲՏԻՔ+ զորակոչիկների և զորակոչային տարիքի անձանց հետ աշխատանքի ոլորտում՝ նպաստելով մարդու իրավունքների վրա հիմնված, գիտահեն և ներառական մասնագիտական մոտեցումների զարգացմանը։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն մարտահրավերներին, որոնց բախվում են ԳԲՏԻՔ+ զորակոչիկները հոգեկան առողջության գնահատման, բժշկական հետազոտությունների և զորակոչի գործընթացներում։
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին սեռական կողմնորոշվածության, գենդերային ինքնության և արտահայտման (ՍԿԳԻ) վերաբերյալ հիմնարար գիտելիքները, ներառական հաղորդակցության սկզբունքները, խարանի և խտրականության ազդեցությունը ԼԳԲՏԻՔ+ անձանց հոգեկան առողջության վրա, ինչպես նաև մասնագետների դերը անվտանգ և աջակցող միջավայրի ձևավորման գործում։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև ICD-11 դասակարգման շրջանակում գենդերային ինքնության դեպատոլոգիզացիայի, զորակոչային տարիքի անձանց հոգեկան առողջության կլինիկական գնահատման, ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման, կլինիկական որոշումների կայացման և մասնագիտական էթիկայի հարցերի քննարկումները։ Մասնագետները ծանոթացան նաև զորակոչային սթրեսի հոգեբանական ազդեցություններին, ռիսկերին, հետտրավմատիկ սթրեսային խանգարման ճանաչման մեխանիզմներին և հոգեսոցիալական ռիսկերի գնահատման ժամանակակից մոտեցումներին։
Սա Հայաստանում իրականացված առաջին մասնագիտացված նախաձեռնություններից էր, որն ուղղված էր հենց ԳԲՏԻՔ+ զորակոչիկների հետ աշխատանքի ոլորտում մասնագետների կարողությունների զարգացմանը։ Հաշվի առնելով, որ ԳԲՏԻՔ+ զորակոչիկները հաճախ բախվում են խտրական վերաբերմունքի, խարանի, կարծրատիպերի, նման մասնագիտական կրթական ծրագրերը կարևոր դեր ունեն ավելի արդար, հավասար և իրավունքահեն համակարգերի ձևավորման գործում։
Եռօրյա վերապատրաստման ընթացքում մասնագետները ներգրավվեցին գործնական քննարկումների, դեպքերի վերլուծությունների, դերային խաղերի և խմբային աշխատանքների մեջ՝ հնարավորություն ստանալով կիրառել ստացած գիտելիքները իրական մասնագիտական իրավիճակներում։ Քննարկվեցին նաև այն մեխանիզմները, որոնք կարող են նպաստել ԳԲՏԻՔ+ զորակոչիկների նկատմամբ խտրականության կանխարգելմանը, հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարձրացմանը և մասնագիտական ծառայությունների որակի բարելավմանը։
Վերապատրաստումը կարևոր հարթակ դարձավ մասնագետների միջև փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության համար։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է նվազեցնել խտրականության և ռետրավմատիզացիայի ռիսկերը, ինչպես ապահովել մասնագիտական էթիկայի պահպանումը և ինչպես ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ԳԲՏԻՔ+ զորակոչիկները կկարողանան ստանալ արժանապատիվ, անվտանգ և որակյալ ծառայություններ։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է աշխատանքը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, առողջապահական հաստատությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ նպաստելու ԳԲՏԻՔ+ զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը, անվտանգության բարձրացմանը և բարեկեցությանը։ Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ կայուն փոփոխությունների համար անհրաժեշտ է երկարաժամկետ համագործակցություն, գիտելիքների զարգացում և մասնագիտական կարողությունների ամրապնդում։
Կազմակերպությունը համոզված է, որ ոչ մի ԳԲՏԻՔ+ զորակոչիկ չպետք է ենթարկվի խարանի, խտրականության կամ անհավասար վերաբերմունքի իր սեռական կողմնորոշվածության, գենդերային ինքնության կամ արտահայտման պատճառով։ Յուրաքանչյուր զորակոչիկ պետք է ունենա հավասար հնարավորություն օգտվելու իր իրավունքներից, ստանալու մասնագիտական, էթիկական և արժանապատիվ վերաբերմունք, ինչպես նաև անհրաժեշտ հոգեկան առողջության ծառայություններ։
Ամփոփելով վերապատրաստման արդյունքները՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց․
«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր Հայաստանում ԳԲՏԻՔ+ զորակոչիկների իրավունքների պաշտպանության և նրանց նկատմամբ իրականացվող հոգեկան առողջության գնահատման գործընթացների բարելավման ուղղությամբ։ ԳԲՏԻՔ+ զորակոչային տարիքի անձինք հաճախ բախվում են խարանի, խտրականության, կարծրատիպային մոտեցումների և անհավասար վերաբերմունքի՝ ինչպես առողջապահական համակարգում, այնպես էլ զորակոչի և հետազոտման գործընթացներում։ Այս իրավիճակը կարող է ոչ միայն բացասաբար ազդել նրանց հոգեկան բարեկեցության վրա, այլև հանգեցնել իրավունքների խախտումների։
Հենց այդ պատճառով կարևոր է աշխատել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների հետ, զարգացնել նրանց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, ներկայացնել ժամանակակից գիտական մոտեցումները և ձևավորել այնպիսի մասնագիտական միջավայր, որտեղ ԳԲՏԻՔ+ զորակոչիկները կստանան արժանապատիվ, մասնագիտական, էթիկական և խտրականությունից զերծ վերաբերմունք։
Մեր նպատակը հստակ է․ ոչ մի ԳԲՏԻՔ+ զորակոչիկ չպետք է ենթարկվի խտրականության կամ խարանի իր ինքնության պատճառով, և յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ստանալու իրեն անհրաժեշտ աջակցությունը՝ արժանապատվության և հավասարության պայմաններում»։
Լիլիթ Մարտիրոսյան
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում վերապատրաստման դասընթացավարներին և մասնագիտական փորձագետներին՝ ծրագրի իրականացման, իրենց գիտելիքներով և փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու համար։
Դասընթացավարների և փորձագետների մասնագիտական ներդրումը կարևոր դեր ունեցավ վերապատրաստման բովանդակային որակի ապահովման, մասնագիտական քննարկումների խորացման և ԳԲՏԻՔ+ զորակոչիկների իրավունքների, հոգեկան առողջության և բարեկեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդման գործում։
Մենք բարձր ենք գնահատում նման մասնագիտական համագործակցությունները և վստահ ենք, որ դրանք շարունակելու են նպաստել ավելի ներառական, գիտահեն և մարդու իրավունքների վրա հիմնված ծառայությունների զարգացմանը Հայաստանում՝ հանուն ԼԳԲՏԻՔ+ համայնքի անվտանգության, բարեկեցության և հավասար իրավունքների ապահովման։