Իրավունքի կողմ ՀԿ-ն մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպության թիմը մարտի 9-ից 19-ը գտնվում էր Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին (CSW70), որը հանդիսանում է գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման կարևորագույն միջազգային հարթակներից մեկը։

Մասնակցությունը և անցկացված հանդիպումները հնարավորություն տվեցին միջազգային գործընկերների և որոշում կայացնողների հետ ուղիղ երկխոսության միջոցով բարձրաձայնել Հայաստանում և տարածաշրջանում տրանս ԼԳԲԻՔ համայնքի առջև ծառացած  խնդիրները՝ ներառյալ խտրականության համակարգային դրսևորումները, բռնության դեպքերը, իրավական պաշտպանության սահմանափակումները և պետական մակարդակով բավարար արձագանքի բացակայությունը։

Նստաշրջանի շրջանակներում թիմի անդամները հանդիպումներ են ունեցել միջազգային կազմակերպությունների, դոնոր կառույցների, գործընկեր ՀԿ-ների և ակտիվիստների հետ՝ քննարկելով ինչպես առկա իրավիճակը, այնպես էլ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուղղված իրավական պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը, համայնքային անվտանգության բարձրացմանը և միջազգային աջակցության առավել արդյունավետ կիրառմանը։

Այցի ընթացքում թիմը մասնակցել է ավելի քան 40 հանդիպումների, քննարկումների և պանելային նիստերի՝ ներկայացնելով ոլորտում առկա մարտահրավերների համապարփակ պատկերը։ Այս քննարկումները նպաստել են նոր համագործակցությունների ձևավորմանը, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող գործընկերությունների խորացմանը։

Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը, ընդգծելով տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստների նկատմամբ շարունակվող խտրականությունը, բռնության դեպքերը և պաշտպանության մեխանիզմների էական բացերը։

Հանդիպումների արդյունքում ձևավորվել են համագործակցության մի շարք նախադրյալներ, ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ շարունակական երկխոսության և համատեղ գործողությունների վերաբերյալ՝ ուղղված տրանս ԼԳԲԻՔ համայնքի իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է իր հետևողական ադվոկացիոն գործունեությունը՝ միավորելով տեղական փորձը և միջազգային հարթակներում ձևավորված կապերը՝ համակարգային փոփոխությունների հասնելու նպատակով։

26-03-2026
Կիսվել