«Իրավունքի կողմ» ՀԿ-ի թիմը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված հավասարության, խտրականության բացառման և ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված միջոցառումներին

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի թիմը շարունակում է իր ակտիվ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ՝ կարևորելով տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ գործընկերությունը մարդու իրավունքների, հավասարության և ներառականության խթանման ոլորտներում։

2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպության ծրագրի ղեկավար Ա. Ջ.-ն մասնակցել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Ընտրական ժամանակահատվածում ատելության խոսքի և սեքսիզմի արձանագրումն ու հասցեագրումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշխատաժողովին։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների ընթացքում ատելության խոսքի, սեքսիզմի, խտրականության և վնասակար հանրային խոսույթի ազդեցությունները, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության, ներառական լեզվի և արդյունավետ արձագանքման մեխանիզմների զարգացման հարցերը։

2026 թվականի մայիսի 21-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լ. Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի Տեխնիկական ղեկավար հանձնաժողովի 4-րդ նիստին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ծրագրի իրականացման երրորդ տարվա հիմնական արդյունքները, քննարկվել են տարածաշրջանային համագործակցության փորձը, ինչպես նաև ներկայացվել են առաջիկա ծրագրային գործողությունները՝ ուղղված հավասարության խթանմանը, խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարին։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի թիմը բարձր է գնահատում նման կարևոր հարթակներում ներգրավվածությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների, հավասարության և ներառականության ամրապնդման ուղղությամբ։

26-05-2026
Կիսվել