Ջատագովություն հանուն փոփոխության․պայքար գենդերային բռնության դեմ
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ, իրականացրել է «Ջատագովություն փոփոխության համար․ արձագանքելով գենդերային բռնությանը» ծրագիրը, որի նպատակն էր ուժեղացնել ԼԳԲՏԻՔ անձանց, այդ թվում՝ տրանս մարդկանց, կանանց և աղջիկների կարողությունները՝ գենդերային հիմքով բռնության դեմ պայքարում։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է շահերի պաշտպանության դասընթաց, որին մասնակցել են 26 ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացել են ադվոկացիայի հիմնական գործիքներին, այլ նաև միասին վերլուծել են համայնքի առջև կանգնած խնդիրները՝ իրականացնելով SWOT վերլուծություններ և քարտեզագրումներ։ Քննարկվել են նաև իրավական դաշտում առկա բացերը, մասնավորապես գենդերի իրավական ճանաչման հարցերը և դրանց ազդեցությունը համայնքի կյանքի վրա։
Ծրագիրը շարունակվել է երեք համայնքային հանդիպումներով, որոնց ընթացքում մասնակիցները խորացրել են իրենց գիտելիքները գենդերային բռնության, խտրականության, ինտերսեկցիոնալության և ակտիվիզմի թեմաներով։ Հանդիպումները հնարավորություն են տվել ստեղծել ապահով միջավայր, որտեղ համայնքի անդամները կարողացել են ազատորեն քննարկել իրենց փորձը, կիսվել մտահոգություններով և սովորել միմյանցից։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նաև սոցիալական մեդիա արշավը, որի շրջանակում հրապարակվել են 15 ադվոկացիոն պաստառներ՝ նվիրված ԼԳԲՏԻՔ պատմության ամսվան։ Արշավը հասել է ավելի քան 23,000 դիտման՝ բարձրացնելով համայնքի խնդիրների տեսանելիությունը և խթանելով հանրային քննարկումը։ Պաստառներում անդրադարձ է կատարվել Հայաստանում առկա իրավական բացերին և ներկայացվել են համեմատություններ միջազգային փորձի հետ։
Ծրագրի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ինքնավստահություն և պատրաստակամություն՝ ներգրավվելու ադվոկացիոն գործընթացներում։ Մի շարք մասնակիցներ սկսել են կամավորական գործունեություն և աջակցում են համայնքի այլ անդամներին՝ հատկապես պետական կառույցների հետ շփման գործընթացներում։
Ծրագրի ընթացքում նաև առանձնացվել են համայնքի հիմնական խնդիրները՝ անվտանգության, խտրականության, սոցիալական ծանր պայմանների և իրավական բացերի հետ կապված։ Հատկապես բարձրաձայնվել են սեքս աշխատանքով զբաղվող տրանս անձանց նկատմամբ բռնության և խոցելիության հարցերը։
Այս ծրագիրը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համայնքը մեծ կարիք ունի ապահով տարածքների, որտեղ կարող է հավաքվել, քննարկել իր խնդիրները և միասին ձևավորել լուծումներ։ «Իրավունքի կողմ»-ը շարունակելու է իր աշխատանքը՝ կենտրոնանալով կրթության, համայնքի հզորացման և իրավունքների պաշտպանության վրա։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում կանանց հիմնադրամին աջակցության համար՝ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ հարցերը ֆեմինիստական օրակարգում կարևոր տեղ տալու և համայնքին աջակցելու համար։