
Հերթական իրավական հաղթանակը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ կազմակերպության իրավաբանական թիմի համառ ջանքերի, ինչպես նաև դեպքի առնչությամբ տեսանելիության բարձրացման և ՀՀ պետական մարմիններին ուղղված մի շարք նամակների շնորհիվ ՀՀ Քննչական կոմիտեն վերադարձրել է տրանս կնոջից առգրավված 27,000 ԱՄՆ դոլար գումարը։
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, սույն թվականի հուլիսի 27-ին տրանս կինը ահազանգել էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ՝ հայտնելով, որ իր բնակարանում ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության առնչության կասկածով։ Նույն օրը, Ոստիկանությունը առգրավվել էր տրանս կնոջ բջջային հեռախոսները և բնակարանում պահվող 27,000 դոլար գումարը, որը տրանս կինը հավաքել էր տարիներ շարունակ սեքս աշխատանքով զբաղվելու միջոցով։
Չնայած, որ տրանս կնոջ բնակարանում թմրանյութեր չեն գտնվել և նա քրեական գործում ունի միայն վկայի կարգավիճակ, ամիսներ շարունակ Քննչական Կոմիտեն չէր վերադարձնում նրանից առգրավված հեռախոսները և գումարը՝ թողնելով առանց ապրելու համար անհրաժեշտ միջոցների։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբանական թիմը հուլիսի 28-ին գույքը վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Քննչական Կոմիտե, դեպքի առնչությամբ ահազանգել և ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեղադրել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ինչի արդյունքում հրապարակումներ են տեղադրվել նաև մի քանի լրատվական կայքերում, ինչպես նաև կազմակերպության կողմից դիմում-նամակներ են ուղարկվել ՀՀ Պետական մարմինների՝ հորդորելով ուշադրության կենտրոնում պահել այս դեպքը և կոչ անելով Տրանս և ԼԳԲԻՔ անձանց առնչվող քրեական գործերում վարել անաչառ քննություն, զերծ մնալ ցանկանած ձևի խտրականությունից և օր առաջ վերադարձնել տրանս կնոջից առգրավված գումարը և բջջային հեռախոսները՝ վերականգնելով նրա սեփականությունը տնօրինելու իրավունքը։
Արդյունքում, սույն թվականի հոկտեմբերի 6-ին Քննչական Կոմիտեն, տրանս կնոջ գործողություններում որևէ հակաիրավական վարքագիծ չգտնելով, վերջինիս վերադարձրել է ավելի քան երկու ամիս նրանից առգրավված դրամական միջոցները և գույքը։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Տրանս և ԼԳԲԻՔ, սեքս աշխատող անհատների իրավունքները, ուշադրության կենտրոնում պահելով ինչպես այս, այնպես էլ այլ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքը, հետևողականորեն փաստագրելով ու հավաքագրելով խտրականության դեպքերը՝ դրանց մասին բարձրաձայնելով ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակով մինչև արդարության վերականգնում։