«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց 2-րդ Տրանս Ճամբարը

2018թ.-ի օգոստոսի 13-16-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը Աղվերանում կազմակերպել էր 2-րդ Տրանս Ճամբարը:
Տրանս ճամբարի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Մասնակիցները ներկայացրեցին իրենք իրենց և ծանոթացան միմյանց հետ: Նրանք սահմանեցին քառօրյա ճամբարի կանոնները եւ արտահայտեցին իրենց սպասումները ճամբարի վերաբերյալ:

«Իրավունքների Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ճամբարին հրավիրել էր գենդերային հիմնահարցերի միջազգային փորձագետ-դասընթացավարների։ 
 Առաջին օրվա ընթացքում միջազգային փորձագետներից մեկը անցկացրեց «Սեռականություն եւ Գենդեր» թեմայով դասընթացը ճամբարի մասնակիցների հետ: Օրը շարունակվեց մարդու սեռականության եւ գենդերի կենսաբանական տեսությունների ակտիվ քննարկումներով:

Մասնակիցներից մեկի խոսքերով ՝ «Իմ ակնկալիքներն իրականացան, չնայած ես չէի սպասում նոր գիտելիքներ ձեռք բերել, այնուհանդերձ ես ստացա շատ նոր գիտելիքներ։ Կարելի է ասել, որ սա լավագույն դասընթացներից մեկն էր, որ երբևէ ներկա եմ եղել»:Մեկ այլ մասնակից իր երախտագիտությունն է հայտնում՝ ասելով. «Տրանս ճամբարը մեծ հնարավորություն է ամեն մի տրանս քվիր անձի համար նման երկրում: Դա ոչ միայն լավ հնարավորություն է նոր բան սովորելու, այլեւ 4 օրվա ընթացքում անցկացվող միջոցառումներին մասնակցելու, որտեղ հին ու նոր սերունդները հանդիպում են միմյանց եւ ծանոթանում միմյանց պատմությունների հետ:

Որպես տրանս մարդիկ, շատ կարեւոր է, որ մենք շփվենք միմյանց հետ եւ չկորցնենք մեր ինքնությունը, այն, թե ով ենք մենք: Իսկ «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի շնորհիվ սա երկրորդ տարին անընդմեջ իրականացվող տրանս ճամբարն է, որը շատ լավ անցավ եւ հույս ունեմ, կարելի է ասել, որ իրականում ես վստահ եմ, որ առաջիկա տրանս ճամբարները կլինեն ավելի լավը բոլորի համար:Շնորհակալություն ձեր օգնության եւ հոյակապ կազմակերպված ճամբարի համար»:

Մեկ ուրիշ մասնակից արտահայտեց իր հիացմունքը՝ նշելով. «Շատ ինֆորմատիվ էին սեռականություն և գենդեր, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաները։ Շատ բան սովորեցի։ Ինչպես նաև շատ եմ կարևորում սեքս աշխատողների քաջությունը, որը նրանք դրսևորեցին իրենց կյանքի պատմությունները պատմելիս»։
 

13-08-2018
Կիսվել