«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց ԼԳԲՏԻՔ+ երիտասարդների շահերի պաշտպանության կարողությունների զարգացման եռօրյա ճամբար

2026 թվականի հոկտեմբերի 22–24-ը Աղվերանում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց ԼԳԲՏԻՔ+ երիտասարդների շահերի պաշտպանության կարողությունների զարգացման եռօրյա ճամբար։ Ծրագրի նպատակն էր զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության, պետական կառույցների հետ հաղորդակցության և համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների մշակման ոլորտներում։

Ճամբարին մասնակցելու համար կազմակերպությունը ստացել էր 47 դիմում։ Ընտրող հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրեց և գնահատեց բոլոր հայտերը՝ հաշվի առնելով դիմորդների մոտիվացիան, շահերի պաշտպանության ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությունը և ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը։ Ընտրության մրցակցային գործընթացի արդյունքում 47 դիմորդներից ընտրվեց 15 մասնակից։

Եռօրյա կրթական ծրագիրը վարեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ որպես ֆասիլիտատոր և դասընթացավար։ Ճամբարի ընթացքում կիրառվեցին ինտերակտիվ ուսուցման մեթոդներ, խմբային քննարկումներ, գործնական առաջադրանքներ, իրավիճակային վերլուծություններ և դերային խաղեր։

Ճամբարի առաջին օրը մասնակիցները ծանոթացան շահերի պաշտպանության հասկացությանը, նպատակներին և հիմնական գործիքներին։ Քննարկեցին շահերի պաշտպանության, ակտիվիզմի և հանրային իրազեկման տարբերությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կոնկրետ փոփոխությունների հասնելու հնարավորությունները։

«Խնդրի ծառ» գործիքի միջոցով մասնակիցները վերլուծեցին տարբեր խնդիրների առաջացման պատճառներն ու հետևանքները, սովորեցին բացահայտել հիմնախնդիրները և դրանք վերածել հստակ ձևակերպված շահերի պաշտպանության նպատակների։

Օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան պետական մարմիններին դիմելու մեխանիզմներին, պաշտոնական դիմումների, բողոքների և տեղեկատվության հարցումների տարբերություններին։ Գործնական աշխատանքի ընթացքում կազմեցին դիմումների օրինակներ՝ ուշադրություն դարձնելով փաստերի հստակ ներկայացմանը, իրավասու մարմնի ընտրությանը և կոնկրետ պահանջի ձևակերպմանը։

Մասնակիցներից մեկը, անդրադառնալով ճամբարի կրթական բովանդակությանը, նշեց.

«Այս օրերի ընթացքում շատ ավելի խորքային գիտելիքներ ձեռք բերեցի։ Ինձ համար հատկապես կարևոր էր շահերի պաշտպանության գործողությունների պլանի մշակումը։ Սովորեցի՝ ինչպես ձևակերպել խնդիրը, ինչ քայլեր ձեռնարկել և ինչպես իմ իրավունքների պաշտպանությունը վերածել կոնկրետ գործողությունների։ Ճամբարի թեմաները շատ լավ էին ընտրված, և ամենակարևորն այն էր, որ ստացած գիտելիքները կարող եմ կիրառել իրական կյանքում»։

— Ճամբարի մասնակից

Ճամբարի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցների գործառույթներին և իրավունքների խախտման դեպքում հասանելի պաշտպանության ու աջակցության մեխանիզմներին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դերին և լիազորություններին։ Մասնակիցներն ուսումնասիրեցին, թե ինչ գործառույթներ է իրականացնում ՄԻՊ-ը, ինչպիսի իրավիճակներում կարելի է դիմել այդ հաստատությանը և ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ։

Քննարկվեցին նաև ոստիկանության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանների գործառույթները, դրանց միջև տարբերությունները, ինչպես նաև քրեական, քաղաքացիական և վարչական դատական գործընթացների հիմնական առանձնահատկությունները։ Մասնակիցները ծանոթացան դատական ատյաններին, բողոքարկման հաջորդականությանը և ներպետական իրավական պաշտպանության միջոցների կիրառման հնարավորություններին։

Առանձին անդրադարձ կատարվեց նաև միջազգային մակարդակում շահերի պաշտպանության մեխանիզմներին և հասարակական կազմակերպությունների դերին միջազգային կառույցների հետ համագործակցության գործընթացներում։ Մասնակիցները ծանոթացան, թե ինչպես են իրավապաշտպան կազմակերպությունները համագործակցում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային կառույցների հետ՝ ներկայացնելով մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցներ, փաստագրելով խախտումները, բարձրաձայնելով համակարգային խնդիրները և ներկայացնելով առաջարկություններ ու հանձնարարականներ։ Քննարկվեցին նաև միջազգային մշտադիտարկման մեխանիզմները, այլընտրանքային զեկույցների պատրաստումը, միջազգային շահերի պաշտպանության արշավները և դրանց նշանակությունը պետական քաղաքականությունների ու իրավական բարեփոխումների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից։

Անդրադարձ կատարվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դերին, միջազգային պաշտպանության մեխանիզմներին և դրանց դիմելու ընդհանուր պայմաններին։

Մասնակիցներն ուսումնասիրեցին պետական մարմիններին էլեկտրոնային եղանակով դիմելու հնարավորությունները, այդ թվում՝ e-request.am միասնական հարթակի և այլ առցանց հարթակների կիրառումը, տեղեկատվության հարցումների պատրաստումը և պաշտոնական դիմումների ներկայացման ընթացակարգերը։

Մասնակիցներից մեկը, առանձնացնելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ստացած գիտելիքները, կիսվեց իր տպավորություններով.

«Ինձ համար հատկապես օգտակար էր իմանալ, թե ինչպես կարելի է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, ինչ ընթացակարգեր կան, որ կառույցին պետք է դիմել տարբեր իրավիճակներում և ինչպես պաշտպանել իմ և համայնքի իրավունքները։ Նախկինում շատ բաներ ինձ համար անհասկանալի էին, իսկ հիմա ավելի հստակ եմ պատկերացնում, թե ինչ քայլեր կարող եմ ձեռնարկել, եթե իմ իրավունքները խախտվեն»։

— Ճամբարի մասնակից

Առանձին քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների հնարավոր խախտումների փաստագրմանը, ապացույցների հավաքագրմանն ու պահպանմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և անվտանգ հաղորդակցությանը։

Դերային խաղերի և իրավիճակային առաջադրանքների միջոցով մասնակիցները գործնականում կիրառեցին ձեռք բերած գիտելիքները։Մասնակիցները վերլուծեցին մարդու իրավունքների հնարավոր խախտումների օրինակներ, որոշեցին՝ որ պետական կառույցին կամ աջակցության մեխանիզմին է նպատակահարմար դիմել, ձևակերպեցին համապատասխան պահանջներ և փորձարկեցին որոշում կայացնողների հետ հաղորդակցության ու բանակցությունների հմտությունները։

Օրվա ընթացքում մասնակիցները կատարեցին նաև խնդիրների քարտեզագրում, սովորեցին ձևակերպել արդյունավետ ուղերձներ և քննարկեցին թվային շահերի պաշտպանության գործիքները, անվտանգության ռիսկերը և «Մի՛ վնասիր» սկզբունքի կիրառումը։

Դասընթացի մատուցման ձևն ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը նույնպես առանձնահատուկ տեղ զբաղեցրին ճամբարի վերաբերյալ արձագանքներում։

«Ես տարիներ շարունակ մասնակցել եմ տարբեր դասախոսությունների և կրթական հանդիպումների, սակայն զարմացած էի Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացրած թեմաներից։ Նույնիսկ բարդ հարցերը նա կարողանում էր բացատրել այնքան մատչելի ու հասկանալի։ Ինձ հատկապես տպավորեց, թե ինչպես էր աշխատում լսարանի հետ, ներգրավում բոլորին և ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ ուզում էիր անընդհատ հարցեր տալ, քննարկել ու սովորել»։

— Ճամբարի մասնակից

Ճամբարի երրորդ օրը մասնակիցներն ամփոփեցին նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և քննարկեցին շահերի պաշտպանության գործընթացում առաջացող խոչընդոտների հաղթահարման հնարավորությունները։

Նրանք ուսումնասիրեցին այն իրավիճակները, երբ պետական մարմնին ներկայացված առաջին դիմումը կամ բողոքը չի հանգեցնում ակնկալվող արդյունքի, ինչպես նաև հետագա իրավական և շահերի պաշտպանության քայլերի ընտրության հնարավորությունները։

Քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների դերը, համայնքային աջակցության մեխանիզմները և ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները մշակեցին շահերի պաշտպանության փոքրածավալ գործողությունների պլաններ՝ սահմանելով խնդիրը, ցանկալի փոփոխությունը, պատասխանատու կառույցները, անհրաժեշտ գործողությունները, հնարավոր ռիսկերը և ակնկալվող արդյունքները։

Եռօրյա ճամբարն ավարտվեց ծրագրի ամփոփմամբ, մասնակիցների գնահատմամբ և մասնակցության հավաստագրերի հանձնմամբ։

Ճամբարի ընթացքում ձևավորված ջերմ և համագործակցային միջավայրը մասնակիցների համար դարձավ ոչ միայն կրթության, այլև փոխադարձ աջակցության, փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման հնարավորություն։

«Ես չգիտեի, որ այսքան ջերմ է անցնելու և միաժամանակ այսքան խտացված կրթություն ենք ստանալու։ Առավոտյան ժամը 10։00-ից մինչև երեկոյան 19։00-ն սովորում էինք, քննարկում ու աշխատում խմբերով, բայց նույնիսկ դրանից հետո ցանկանում էինք ընկերներով շարունակել թեմաների քննարկումը։ Այնքան հետաքրքիր էր, որ դասընթացների ավարտից հետո էլ դեռ ուզում էինք խոսել սովորածի մասին»։

— Ճամբարի մասնակից

ԼԳԲՏԻՔ+ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ արտահայտման հիմքով խտրականության, անհավասար վերաբերմունքի և սոցիալական խոչընդոտների պատճառով բախվում են կրթություն ստանալու և մասնագիտական զարգացման հնարավորությունների սահմանափակումների։ Այս հանգամանքները կարող են խոչընդոտել նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին, սեփական իրավունքների իրացմանը և անձնական ու մասնագիտական ներուժի զարգացմանը։

Համայնքի կրթական հնարավորությունների ընդլայնումը և գիտելիքների ու հմտությունների զարգացումը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից են։ Կազմակերպությունը կարևորում է կրթությունը ոչ միայն որպես հիմնարար իրավունք, այլև որպես անձի ինքնուրույնության, համայնքի հզորացման, իրավունքների պաշտպանության և հասարակական փոփոխությունների հասնելու կարևոր միջոց։

Այս մոտեցման շրջանակներում կազմակերպությունը ձգտում է ստեղծել անվտանգ, ներառական և հասանելի կրթական միջավայրեր, որտեղ ԼԳԲՏԻՔ+ անձինք կարող են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնել իրենց կարողությունները, ճանաչել սեփական իրավունքները և առավել արդյունավետ մասնակցել իրենց կյանքին ու համայնքին առնչվող որոշումների կայացման գործընթացներին։

Եռօրյա ճամբարը ևս մեկ հնարավորություն ստեղծեց մասնակիցների համար՝ խորացնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների, պետական կառույցների գործառույթների և հասանելի պաշտպանության ու աջակցության մեխանիզմների վերաբերյալ։ Խմբային աշխատանքների, դերային խաղերի և իրավիճակային քննարկումների միջոցով մասնակիցները զարգացրին խնդիրները վերլուծելու, համապատասխան կառույցները բացահայտելու, պաշտոնական դիմումներ կազմելու, իրավունքների հնարավոր խախտումները փաստագրելու և շահերի պաշտպանության գործողություններ պլանավորելու հմտությունները։

Մասնակիցներից մեկի համար ճամբարը դարձավ համայնքի շահերի պաշտպանության աշխատանքներում ավելի ակտիվ ներգրավվելու լրացուցիչ խթան։

«Ես արդեն դիմել եմ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին և խնդրել, որ ինձ միշտ ներգրավեն շահերի պաշտպանության աշխատանքներում։ Մեծ սիրով կմասնակցեմ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ ներկայացնելով մեր համայնքի ձայնը, խնդիրներն ու կարիքները։ Ցանկանում եմ ոչ միայն իմանալ իմ իրավունքները, այլև ակտիվ մասնակցել դրանց պաշտպանությանը»։

— Ճամբարի մասնակից

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է կազմակերպել նմանատիպ կրթական հանդիպումներ, դասընթացներ և կարողությունների զարգացման ծրագրեր ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչների համար։ Դրանք ուղղված կլինեն կրթական հնարավորությունների ընդլայնմանը, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, գործնական հմտությունների զարգացմանը և համայնքի ներգրավվածության ամրապնդմանը։

Կազմակերպության համար համայնքի կրթությունը շարունակական և ռազմավարական աշխատանք է, որի հիմքում այն համոզմունքն է, որ գիտելիքով և անհրաժեշտ հմտություններով զինված համայնքն ավելի պատրաստված է պաշտպանելու իր իրավունքները, բարձրաձայնելու իր կարիքները և մասնակցելու իր կյանքին առնչվող փոփոխությունների ձևավորմանը։

11-11-2026
Կիսվել