
ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ ներառվել է ԼԳԲՏԻՔ իրավունքներին նվիրված գլուխ

Հրապարակվել է 2024 թ․ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Այս տարի ևս «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո առանձին գլուխ է հատկացված ԼԳԲՏ անձանց իրավունքներին (էջ 312–320)։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն ողջունում է այն հանգամանքը, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ հատուկ անդրադարձ է կատարվում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ համայնքի խնդիրները մնում էին ստվերում, սա դիտարկում ենք որպես կարևոր և անհրաժեշտ առաջընթաց՝ պետության կողմից շարժման ինստիտուցիոնալ ճանաչման և պատասխանատվության տեսանկյունից։
2024 թվականի հաղորդման մեջ նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Հպարտության ամսվան նվիրված համաժողովին։ Այս ներգրավվածությունը գնահատում ենք որպես պատրաստակամություն՝ լսելու համայնքի ձայնը։
Հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև մեր գործընկեր «Փինք» իրավապաշտպան կազմակերպության կողմից փաստագրված 57 խախտումների դեպքերին, որոնք ներառում էին ընտանեկան բռնություն, խտրական վերաբերմունք պետական հաստատություններում, արժանապատվության նվաստացում և հանրային գործիչների մասնակցությամբ տարածվող ատելության խոսք։ Այս արձանագրումները վկայում են, որ ԼԳԲՏԻՔ անձինք շարունակում են բախվել ինչպես հանրային, այնպես էլ համակարգային խտրականության։
Զեկույցում բարձրաձայնվում են մի շարք կարևոր օրենսդրական բացեր, այդ թվում՝ սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության բացակայությունը «պաշտպանվող հատկանիշների» ցանկում։ Պաշտպանը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնց իրագործման համար պահանջվում է հստակ քաղաքական կամք։
Նման անդրադարձները կարևոր են՝ ոչ միայն խնդիրների փաստագրման, այլև պետության պատասխանատվության խորացման տեսանկյունից։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն շարունակելու է իր համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանուն այն Հայաստանի, որտեղ ԼԳԲՏԻՔ անձանց ձայնը լսելի է, իսկ իրավունքները ու արժանապատվությունը՝ պաշտպանված։
Հ․Գ․Չնայած զեկույցում օգտագործվում է «ԼԳԲՏ» հապավումը, մենք շարունակում ենք կիրառել «ԼԳԲՏԻՔ» ձևակերպումը՝ կարևորելով նաև ինտերսեքս և քվիր անձանց ներառումն ու տեսանելիությունը։ Համայնքի բազմազանության լիարժեք արտացոլումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի։