Հանրային հայտարարություն
Իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը և Իրավունքի Կողմ ՀԿ-ն վերջն շրջանում շարունակաբար ենթարկվում են թիրախավորման և ապատեղեկատվական հարձակումների։ Վերջին օրերին, մասնավորապես «ԱՆԲԱՑ» սոցիալական հարթակում, տարածվում է տեսանյութ, որտեղ անհայտ անձը՝ դիմակավորված և ինքնությունը թաքցրած, ներկայացնում է կեղծ, մտաշահարկող և թիրախավորող տեղեկատվություն։ Մասնավորապես, տեսանյութում շրջանառվում են անհիմն և կեղծ պնդումներ, որոնց միջոցով փորձ է արվում կազմակերպությունն ու նրա նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին ներգրավել քաղաքական շահարկումներում և կապել արտաքին ուժերի, մասնավորապես Թուրքիայի և ՀՀ որոշ պաշտոնյաների հետ։ Նշվում է նաև, թե իբր կազմակերպությունը գաղտնի աջակցություն է ստանում, հանդիպումներ է անցկացնում արտերկրում՝ Հայաստանում ԼԳԲՏ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, և որ Լիլիթ Մարտիրոսյանը ակտիվ կապերի մեջ է քաղաքական գործիչների հետ։ Տեսանյութում օգտագործվել են նաև կազմակերպության հանրային սոցիալական հոլովակները՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված և ապակոնտեքստացված ձևով։
Այս պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն ստեղծելու թշնամանք, վարկաբեկելու կազմակերպության գործունեությունը և այն ներկայացնելու որպես քաղաքական գործընթացների մաս։ Նման քարոզչությունը հատկապես վտանգավոր է Հայաստանում առկա տրանսֆոբ և խտրական միջավայրում, քանի որ այն կարող է հանգեցնել ատելության աճի, սպառնալիքների և իրական վտանգների թե՛ կազմակերպության աշխատակիցների, թե՛ շահառուների համար։
«Իրավուքնի կողմ » ՀԿ-ն հանդիսանում է իրավապաշտպան կազմակերպություն, որի գործունեությունը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը և չի առնչվում որևէ քաղաքական օրակարգի կամ արտաքին ուժերի շահերի հետ։
Մենք կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը և քննչական մարմիններին՝
- իրականացնել համապատասխան ստուգումներ,
- հայտնաբերել տեսանյութի հեղինակներին և տարածողներին,
- տալ իրավական գնահատական ատելության հրահրման և ապատեղեկատվության տարածման գործողություններին,
- ապահովել Լիլիթ Մարտիրոսյանի և կազմակերպության անվտանգությունը։
Միաժամանակ կոչ ենք անում հանրությանը չտրվել մանիպուլյացիաներին, չտարածել չստուգված տեղեկատվություն և հարգել մարդու իրավունքները և արժանապատվությունը։
«Իրավունքի կողմ » իրավապաշտպան ՀԿ