ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը մտահոգություն է հայտնում Լիլիթ Մարտիրոսյանի թիրախավորման վերաբերյալ
ՄԱԿ-ի իրավապաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը մտահոգություն է հայտնել Լիլիթ Մարտիրոսյանի և «Իրավունքի կողմ» ՀԿ-ի դեմ ուղղված թիրախավորման, ապատեղեկատվության և սպառնալիքների վերաբերյալ։
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է Լիլիթ Մարտիրոսյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի առջև կանգնած շարունակական ռիսկերը և կոչ է արել ապահովել նրա պաշտպանությունը։
Լիլիթ Մարտիրոսյանը, ինչպես նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ն, շարունակում են թիրախավորվել կեղծ նարատիվների, համակարգված հարձակումների, զրպարտության, ատելության խոսքի և շարունակական սպառնալիքների միջոցով՝ իր իրավապաշտպան գործունեության պատճառով։ Այս գործողությունները կրում են շարունակական բնույթ և հանդիսանում են Հայաստանում ԼԳԲՏԻՔ իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների ավելի լայն օրինաչափության մաս։
Սա միակ դեպք չէ։ Տարիներ շարունակ Հայաստանում ԼԳԲՏԻՔ ակտիվիստները համակարգված կերպով թիրախավորվում են ատելության խոսքի, ապատեղեկատվության և ահաբեկման համակարգված արշավների միջոցով։ Լիլիթ Մարտիրոսյանի դեմ շարունակվող հարձակումները այդ օրինաչափության մի մասն են։ Չնայած առկա մարտահրավերներին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին ապահովել ԼԳԲՏԻՔ ակտիվիստների և կազմակերպությունների անվտանգությունը և իրականացնել բոլոր արձանագրված դեպքերի արդյունավետ և անաչառ քննություն։