26 պետության ներկայացուցիչներ կոչ արեցին Հայաստանի Հանրապետությանը ներառել սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը հակախտրականության (իրավահավասարության) օրենքում

2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) չորրորդ շրջափուլին՝ ներկայացնելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից։ Իր  ելույթում պատվիրակությունը շեշտեց, որ UPR-ը դիտարկվում է ոչ միայն որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակ, այլև որպես ազգային բարեփոխումների խթանող և ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցող գործիք։

Երկխոսության ընթացքում 26 պետության ներկայացուցիչներ հստակ կոչ արեցին Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրականության օրենսդրություն, որը կներառի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն։ Այս առաջարկներն արտացոլում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին հավատարիմ մնալու միջազգային հանձնառությունը և Հայաստանում բոլոր խմբերի համար հավասար հնարավորությունների երաշխավորման անհրաժեշտությունը։

Առաջարկները ներկայացրել են՝ Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ուրուգվայը, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Նիդերլանդները, Կոլումբիան, Կուբան, Չեխիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մեքսիկան, Մոնտենեգրոն, Չիլին, Նորվեգիան և Պորտուգալիան։

Իսլանդիան և Կոլումբիան առաջարկեցին օրենսդրորեն ճանաչել տրանս անձանց գենդերային ինքնությունը: Իսլանդիան հանդես եկավ մի շարք առաջարկներով, այդ թվում՝ նույնասեռ ամուսնության օրինականացում, սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև գենդերային ինքնության իրավական ճանաչում՝ ոչ նվաստացուցիչ և թափանցիկ վարչական գործընթացի միջոցով։ Կոլումբիան իր ելույթում անդրադարձավ փաստաթղթերի փոփոխման հնարավորությանն ու տրանս անձանց իրավունքի ճանաչման անհրաժեշտությանը՝ ապահովելու համար արժանապատիվ վերաբերմունք և իրավական ճանաչում։

Միևնույն ժամանակ մի շարք պետություններ առաջարկեցին՝

  • Վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և հակազդման նպատակով։
  • Ամրապնդել դատական անկախությունը։
  • Ընդլայնել ԼԳԲՏԻՔ+ անձանց պաշտպանության իրավական մեխանիզմները՝ ատելության խոսքի և հանցագործությունների դեմ պայքարում։
  • Երաշխավորել արտահայտվելու, միավորման և խաղաղ հավաքների ազատությունները։

Հայաստանի պատվիրակությունը, իր եզրափակիչ ելույթում, ողջունեց միջազգային գործընկերների կողմից հնչեցված դիտարկումներն ու առաջարկությունները՝ վերահաստատելով երկրի պատրաստակամությունը շարունակելու մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ առաջնորդվելով թափանցիկության, ներառականության և համընդհանուր արժեքների սկզբունքներով։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է 2025 թվականի փետրվարի 18–21-ը Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) 49-րդ նստաշրջանին։ Նա հանդես է եկել հրապարակային ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ+ անձանց առջև ծառացած խնդիրները և օրենսդրական փոփոխությունների հրատապությունը։ Իր խոսքում Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծել է, որ երկրում բացակայում են հստակ իրավական մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն տրանս և ԼԳԲԻՔ+ անձանց՝ ատելության հիմքով հանցագործություններից, խտրականությունից և ատելության խոսքից։ Նա նաև անդրադարձել է գենդերային ինքնության իրավական ճանաչման համակարգի բացակայությանը, ինչպես նաև տրանս անձանց համար առողջապահական ծառայությունների անմատչելիությանը։ Մարտիրոսյանը կարևորել է համապարփակ հակախտրականության օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը՝ այնպիսի ձևակերպումներով, որոնք հստակորեն կներառեն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով պաշտպանություն։ Նա կոչ  է արել սկսել հանրային իրազեկման արշավներ և կրթական բարեփոխումներ՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը և ներառականության խթանմանը։ Իր ելույթում նա շեշտել է նաև տրանս անձանց համար արդարադատության հասանելիության ապահովման կարևորությունը՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքների լիարժեք իրացում և գենդերի իրավական ճանաչում։ 

02-05-2025
Կիսվել